Անթույլատրելի է գերիների հարցը սակարկության առարկա դարձնելը. նախագահն ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահին

19-06-2021 19:19:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնային: Վերջինս Հայաստանում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության կազմում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով, հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: 
 
Անդրադառնալով հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ զրուցակիցները կարևորել են ներքաղաքական կայունության պահպանումը և հույս հայտնել, որ ընտրությունների արդյունքները
կլինեն ի շահ պետության զարգացման:
 
Նախագահ Սարգսյանն ու Պաոլա Տավերնան մտքեր են փոխանակել պատերազմից հետո մեր երկրում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, մասնավորապես՝ մարդասիրական խնդիրների շուրջ: Նախագահ Սարգսյանը խոսել է Ադրբեջանի կողմից անազատության մեջ պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի անհրաժեշտության մասին՝ անթույլատրելի համարելով գերիների հարցը սակարկության առարկա դարձնելը:
 
Նախագահ Սարգսյանը մտահոգություն է հայտնել նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակության ժառանգության հետագա ճակատագրի վերաբերյալ: Նա ընդգծել է, որ վերոնշյալ հարցերում հայկական կողմն ակնկալում է միջազգային գործընկերների աջակցությունը:
 
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև հայ-իտալական երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը: Իտալիայի Սենատի փոխնախագահը վստահություն է հայտնել, որ նախագահ Սարգսյանի՝ Իտալիա նախատեսվող պետական այցը նոր լիցք կհաղորդի երկու բարեկամ երկրների փոխգործակցությանը:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 89 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար