Էդմոն Մարուքյանը քվեարկեց երկրում հաշտությունը վերականգնելու օգտին

20-06-2021 10:52:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



 
Արմենպրես․ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը հունիսի 20-ին քվեարկեց արտահերթ խորհրդարանական ընտրություններում՝ վստահեցնելով, որ քվեարկել է հանուն համերաշխության, հանուն երկրում հաշտությունը վերականգնելու: 
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանն այս մասին ասաց քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում:
 
«Ակնհայտ է, որ մենք քվեարկում ենք հանուն համերաշխության, վաղը երկրում հաշտությունը վերականգնելու համար: Մենք ասել ենք, որ վաղվանից երկրում ներքաղաքական համերաշխությունն ու հաշտությունը վերականգնելու ժամանակն է: Բնականաբար, ավելի վաղ կարելի էր դա անել, բայց ընտրություննրը մեզ համար շանս են՝ այս իրավիճակում այդ քայլը կատարելու»,-ասաց Մարուքյանը:
 
Նա մեծ հույս ունի, որ համերաշխությունը, հաշտության վերականգնումն այլընտրանք
չեն ունենալու՝ նշելով, որ երկրի մարտահրավերները պատկերացրածից շատ ավելի մեծ են: «Մենք ուղղակի այլընտրանք չունենք, մենք պետք է մեր փոքրիկ ճշմարտությունները մի կողմ դնենք՝ հանուն ավելի մեծ ճշմարտության և հանուն ավելի մեծ արժեքի, որը մեր պետությունը, մեր պետականությունն է»,- ասաց ԼՀԿ ղեկավարը:
 
Մարուքյանին դուր չի եկել քարոզարշավի ընթացքում հնչած բառապաշարը, բառամթերքը: «Մեր երեխաները հեռուստատեսությամբ լսում էին այնպիսի բառամթերք, որը ես չէի ցանկանա, որ որևէ մեկի երեխան լսեր: Այդ իմաստով բավականին բարձր էր թե ատելության քարոզչությունը, թե բռնության քարոզչությունը»,- ասաց նա ու նկատեց, որ ավելի մեծ միջադեպերի ակնկալիքները, սակայն, չարդարացան:
 
Մարուքյանը հույս ունի, որ հունիսի 20-ն էլ շատ հանգիստ է անցնելու: Անդրադառնալով նրան, որ հունիսի 21-ին կարող են ցույցեր անցկացվել՝ նա ասաց. «Ես կարծում եմ, որ ընտրատեղամասերում մեր քաղաքացիներն այնպես են քվեարկելու, որ դրա հնարավորությունն էլ չի լինելու: Չի լինելու ուժ, որը կարող է ասել, որ ինքը հաղթել է միայնակ: Եվ գալու ենք մեր այն գաղափարին, որ բոլորով
պետք է նստենք մի սեղանի շուրջ և ձևավորենք ազգային համաձայնության կառավարություն»,- ասաց Մարուքյանն ու հավելեց, որ ոչ մի ուժ առանձին վերցրած չունի հնարավորություն՝ երկիրը ստեղծված վիճակից դուրս հանելու:
 
Անդրադառնալով ընտարակաշառքի հնարավոր դեպքերին՝ Մարուքյանը շեշտեց, որ ընտրակաշառք բաժանելն ու վերցնելը նշանակում է անարգել պատերազմի հերոսների հիշատակը: Նա հույս հայտնեց, որ քաղաքացիները ընտրակաշառքների, ուղղորդումների չեն տրվելու:
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 94 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար