Ինչպես «Պատիվ ունեմ» դաշինքը խորհրդարանում մանդատներ կստանա՝ առանց 7 տոկոս ձայն հավաքելու


Ինչպես «Պատիվ ունեմ» դաշինքը խորհրդարանում մանդատներ կստանա՝ առանց 7 տոկոս ձայն հավաքելու

  • 21-06-2021 11:11:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածով սահմանված է Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներն ամփոփումը։
 
Իրավաբան․net-ը հայտնում է, որ հոդվածի 4-րդ կետի համաձայն, Ազգային ժողովի մանդատները բաշխվում են այն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի` կուսակցության դեպքում` 5, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 7 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ:
 
Եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 5 (7) տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են 3-ից պակաս կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները:
 
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հունիսի 21-ին, ժամը 10-ին հրապարակած վերջին տվյալների համաձայն․
 
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 53․92%
«Հայաստան» դաշինք – 21․4%
«Պատիվ ունեմ» դաշինք – 5․23%
Ստացվում է, որ երրորդ ուժը «Պատիվ ունեմ» դաշինքն է և անկախ նրանից, որ որպես դաշինք չի հավաքել ձայների անհրաժեշտ 7 տոկոսը, սակայն ամենաշատն է ձայներ ստացել՝ կանցնի խորհրդարան։
 
Հավելենք նաև, որ նույն հոդվածի համաձայն․
 
Ազգային ժողովի մանդատները բաշխվում են կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջև` նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ. յուրաքանչյուր կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է 101-ով, արդյունքը բաժանվում է արգելապատնեշը հաղթահարած կուսակցություններին (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, և առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հասանելիք մանդատների թվերն են:
 
Մինչև 101 մանդատ մնացած մանդատները կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջև բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության` յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Մնացորդների մեծության հավասարության դեպքում վիճարկվող մանդատը տրվում է այն կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին), որին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ամենամեծն է, իսկ դրանց հավասարության դեպքում մանդատը տրվում է վիճակահանությամբ։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը