Ընտրատեղամասերի 10 տոկոսում արձանագրվել են քվեաթերթիկների դուրս բերման դեպքեր. Դանիել Իոաննիսյան
21-06-2021 14:18:28 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն այսօր ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ իրենց կազմակերպությունն ունեցել է շուրջ 700 դիտորդ, ովքեր արձանագրել են մի շարք խախտումներ:
Իոաննիսյանը նշեց, որ ընտրատեղամասերի 52 տոկոսում արձանագրվել են քվեարկության գաղտնիության հետ կապված խնդիրներ.
«Բազմաթիվ ընտրատեղամասերում դիտարկվել են քարոզչության դեպքեր: Մասնավորապես ընտրատեղամասերի 37,5 տոկոսում դա արվել է «Հայաստան» դաշինքի օգտին, 15,7 տոկոսը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, 14 տոկոսը՝ ՔՊ-ի, 4,7 տոկոսը՝ ԲՀԿ-ի և «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի օգտին»:
Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ ընտրատեղամասերի 10 տոկոսում գրանցվել են դեպքեր, երբ ընտրողներին տրվել են ոչ բոլոր քաղաքական ուժերի քվեաթերթիկները.
«Ընդ որում, որոշ ընտրատեղամասերում դա պարբերական բնույթ է կրել, և հիմնականում մեկ քաղաքական ուժի՝ ՔՊ-ի քվեաթերթիկներն են, որոնք չեն տրամադրվել: Երկու այդպիսի ընտրատեղամաս եղել է Երևանում, մեկ՝ Գորիսում:
Ընտրատեղամասերի 10 տոկոսում էլ արձանագրվել են քվեաթերթիկների դուրս բերման դեպքեր: Ինչպես նաև դիտվել է պատկեր, երբ ընտրողին օգնողները քվեախցիկում չեն հարցրել ընտրողի կամքը և ընտրողն ուղղակի ֆիզիկապես ներկա է եղել քվեախցիկում»:
Դանիել Իոաննիսյանը հավելեց, որ բոլոր այս տվյալները, որոնք ինքը հայտնում է, այն ընտրատեղամասերինն են, որտեղ իրենք կատարել են դիտորդական առաքելություն: