Օրվա խորհրդով անհրաժեշտ եմ համարում կատարել մի քանի եզրահանգումներ և հղել մի քանի հորդորներ. Արթուր Բաղդասարյան


Օրվա խորհրդով անհրաժեշտ եմ համարում կատարել մի քանի եզրահանգումներ և հղել մի քանի հորդորներ. Արթուր Բաղդասարյան

  • 21-06-2021 14:49:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
«Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝
 
Եղավ այն, ինչ պետք է տեղի ունենար և այն, ինչ կանխատեսել և ասել էի իմ ընկերներին։
 
«Շատերը, թերևս, հասկացան, որ կուսակցությունների նման մեծաթիվ մասնակցությունը, առավել ևս՝ առանց գաղափարական և կազմակերպչական թիմի, հաջողել չի կարող: Եվ հենց դա էր պատճառը, որ ընդամենը երեք քաղաքական ուժ հաղթահարեցին խորհրդարան մուտք գործելու անցողիկ շեմը, և ընդամենը մի քանիսը հավաքեցին 1% և քիչ ավելի ձայն, ինչը և ենթադրում է՝ ժամանակակից աշխարհի քաղաքական մշակույթին համապատասխան ձեռնամուխ լինել կուսակցությունների խոշորացման իրավական գործընթացին, ոչ միայն նրա համար, որ 3 մլն բնակչություն ունեցող երկրի համար աննորմալ երևույթ է 100-ից ավելի կուսակցությունների գոյությունը, այլ նաև Հայաստանի զարգացումը պահանջում է քաղաքական դաշտի ինստիտուցիոնալիզացիա և զարգացում։ Ինչևիցե, անելիքները չափազանց շատ են, սակայն ես այս պահին օրվա խորհրդով անհրաժեշտ եմ համարում կատարել մի քանի եզրահանգումներ և հղել մի քանի հորդորներ։        
 
ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ                            
 
1. Ժողովուրդը Հայաստանում մերժեց փողը և ընտրակաշառքը։  
 
2. Ժողովուրդը Հայաստանում մերժեց ընտրական ճնշումներով քվեներ տալու արատավոր պրակտիկան ։
 
3. Հայաստանում ամրապնդվեց ազատ խոսքը, ազատ տնտեսությունը, ազատ ապրելու, ազատ խոսելու, ազատ գործելու և արարելու չափազանց կարևոր քաղաքական իրավունքն ու հնարավորությունը։
 
4. Հայաստանում այլևս անշրջելի դարձավ ժողովրդի քվեով, առանց փողի և պարտադրանքի իշխանություն ձևավորելու կարևորագույն քաղաքական իրավունքը։            
 
5. Շնորհավորելով և՛ ՔՊ-ին, և՛ «Հայաստան դաշինք»-ին, պետք է արձանագրենք, որ, ի վերջո, Հայաստանում հաղթեցին ոչ թե տեղական բդեշխը, փողը և թաղային հեղինակությունը, այլ քաղաքացու քվեն և երկրի զարգացման նրա տեսլականը, և, ըստ որում, անկախ նրանից՝ ինչքանով և ինչպես է այդ քվեի տերը գիտակցում մեր երկրի առաջ ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները։  Դա արդեն առանձին խոսակցության նյութ է, քանզի պետության և հասարակության խնդիրն է շարունակական բարեփոխումներով երաշխավորել հասարակության իրավագիտակցության բարձրացման և ինքնակրթության անհրաժեշտ արդյունքներ ապահովելու համար։
 
ՀՈՐԴՈՐՆԵՐ              
 
1. Հետևողական քայլեր ձեռնարկել համազգային համերաշխության մթնոլորտ ձևավորելու, ատելության և անհանդուրժողականության խոսքը կասեցնելու, ազգը սևի և սպիտակի բաժանելու արատավոր պրակտիկան:
 
2. Հայրենիքի համար կարևորագույն որոշումներ կայացնելիս պատշաճ իրազեկել ժողովրդին, ոչ թե որոշումից հետո պոստֆակտում, այլ տվյալ որոշումը կայացնելուց առաջ, իհարկե, հաշվառելով նաև պահանջվող խորհրդապահության սկզբունքները։                      
 
3. Անխուսափելի հանդիսացող սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան իրականացնել ոչ թե հաճախ ընդունված տղայական, սին և մակերեսային մոտեցումներով, այլ պատշաճ պրոֆեսիոնալ մակարդակով, որից մեր հայրենիքը և ժողովուրդը կարող են շահել, այլ ոչ թե շարունակաբար տուժել՝ պարբերաբար առաջացնելով նեգատիվ սպասումներ և շարունակական վտանգներ։              
 
4. Բոլոր ուղղություններով իրականացնել հստակ, համալիր, արդյունքին միտված բարեփոխումների երկրի անվտանգության ապահովման, պրոֆեսիոնալ բանակի ձևավորման, զինված ուժերի բարեփոխման, զոհված և վիրավոր մեր հայրենակիցներին օրենքի ուժով պետական աջակցության ապահովման, սահմանային ենթակառուցվածքների համալիր արդիականացման ուղղությամբ բարեփոխումներ ապահովելու համար անվտանգային միջավայրի կտրուկ բարելավման և երկրի անվտանգության ապահովումը երաշխավորող համապատասխան ենթակառուցվածքների անխափան և արդյունավետ գործունեությունը։
 
5. Իրականացնել տնտեսության հետևողական ազատականացման և դիվերսիֆիկացման շարունակական ջանքեր՝ զուգահեռաբար երաշխավորելով պետական մարմինների բովանդակային և հետևողական բարեփոխումները երաշխավորելու համար դրանց կողմից պրոֆեսիոնալ և անխափան գործունեությունը։
 
Քանի որ անելիքները և լուծման կարոտ խնդիրները բազմաթիվ են, ես կշարունակեմ փորձագիտական մակարդակով մերթընդմերթ տեղեկացնել իմ մոտեցումները՝ հնարավորինս օբյեկտիվ և առանց որևէ ակնկալիքի օգնելու և օժանդակելու անկեղծ ձգտումով։ Առողջ եղեք»։
 
 
 

 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play