ԿԸՀ-ն բավարարել է Արմեն Չարչյանի վերաբերյալ Դատախազության ներկայացրած միջնորդությունները


ԿԸՀ-ն բավարարել է Արմեն Չարչյանի վերաբերյալ Դատախազության ներկայացրած միջնորդությունները

  • 21-06-2021 18:08:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի պատգամավորության թեկնածու Ա. Չ.-ի կողմից, բժշկական կենտրոնի աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքն օգտագործելով, նրանց պարտադիր կերպով Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելուն, իր ներկայացրած դաշինքի օգտին քվեարկելու և ընտրություններին մասնակցող կոնկրետ կուսակցության օգտին չքվեարկելուն պարտադրելու դեպքի առթիվ 2021 թվականի հունիսի 18-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: 
 
Ինչպես հայտնում են ՀՀ դատախազությունից, վերոնշյալ առերևույթ հանցավոր արարքները կատարելու կասկածանքով բժշկական կենտրոնի ղեկավարը նույն օրը ձերբակալվել էր: 
 
Նկատի ունենալով, որ վերջինս հանդիսանում է պատգամավորության թեկնածու՝ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի կողմից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով էին ներկայացվել նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու  միջնորդություններ: 
 
Հունիսի 21-ին ՀՀ ԿԸՀ-ն հրավիրած նիստի արդյունքում դատախազի 2 միջնորդությունն էլ բավարարել է:  
Դրանց վերաբերյալ ՀՀ ԿԸՀ որոշումները դատախազն ուղարկել է վարույթն իրականացնող մարմնին՝ անհրաժեշտ դատավարական գործողություններ իրականացնելու համար։
 
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:   
 
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն