ԵՄ խոսնակի հայտարարությունը Հայաստանի արտահերթ ընտրությունների վերաբերյալ


ԵՄ խոսնակի հայտարարությունը Հայաստանի արտահերթ ընտրությունների վերաբերյալ

  • 22-06-2021 11:27:25   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Հունիսի 20-ին Հայաստանում կայացան արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ընտրությունների դիտորդական առաքելության նախնական գնահատմամբ` ընտրությունները եղել են մրցունակ և, ընդհանուր առմամբ, կառավարվել են պատշաճ կերպով կարճ ժամանակահատվածում: Ընտրողներն ունեցել են ընտրության լայն հնարավորություն, և հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ընդհանուր առմամբ, հարգվել են: Մասնակիցները կարողացել են ազատ քարոզչություն իրականացնել: Քվեարկության օրը՝ ներառյալ ձայների հաշվարկը, ընդհանուր առմամբ գնահատվել է դրական:
 
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունն, այդուհանդերձ, ընգծել է քարոզչության բացասական տոնայնությունը և հիմնական մրցակիցների շրջանում անձնավորվածությունը  խոչընդոտել են քաղաքականության շուրջ կենտրոնացված քննարկումների անցկացմանը: Առաքելության ընդգծմամբ՝ ընդհանուր առմամբ, քարոզարշավի ողջ ընթացքում կանայք եղել են հետին պլանում:
 
Դիմում-բողոքները կամ հայցադիմումները պետք է մանրակրկիտ և արդյունավետ եղանակով քննության առնվեն` կիրառելով Հայաստանի օրենսդրությամբ  նախատեսված համապատասխան ընթացակարգերը:
 
Եվրոպական միությունը հավատարիմ է Հայաստանի կայուն, ժողովրդավարական և բարեկեցիկ ապագայի կերտման գաղափարին: Մենք ակնկալում ենք սերտ համագործակցություն Հայաստանի բոլոր հաստատությունների, այդ թվում՝ նորընտիր խորհրդարանի և կառավարության հետ: Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին միավորել ջանքերը և համատեղ աշխատել՝ արդյունավետ կերպով  հաղթահարելու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն՝ ի նպաստ Հայաստանի։ Եվրոպական միությունը պատրաստ է էլ ավելի ամրապնդել ԵՄ-Հայաստան երկկողմ հարաբերությունները և աջակցել Հայաստանին՝ կյանքի կոչել երկրում կարևոր բարեփոխումների իրականացման օրակարգը՝ հիմք ընդունելով ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջոցով սահմանված համատեղ պարտավորությունները:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը