Դեսպան Մարտիրոսյանն իր հավատարմագրերը հանձնեց Լիտվայի նախագահին


Դեսպան Մարտիրոսյանն իր հավատարմագրերը հանձնեց Լիտվայի նախագահին

  • 22-06-2021 12:05:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հունիսի 21-ին Լիտվայի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Արմեն Մարտիրոսյանն իր հավատարմագրերը հանձնեց Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդային։ 
 
Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նախագահ Նաուսեդան շնորհավորեց դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց կարևոր առաքելության ընթացքում: Գիտանաս Նաուսեդան շնորհավորեց նաև հունիսի 20-ին Հայաստանում խորհրդարանական ընտրությունների կայացման կապակցությամբ և հույս հայտնեց, որ դրանք կնպաստեն երկրում առկա ներքաղաքական լարվածության թոթափմանը։ Անդրադառնալով հայ-լիտվական հարաբերությունների պատմությանը՝ Լիտվայի նախագահը նշեց, որ քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է՝ ընգծելով, որ 1991 թվականին Լիտվան առաջինն է ճանաչել Հայաստանի անկախությունը: Անդրադարձ եղավ նաև Լիտվայի առանցքային դերին ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հարցում:
 
Շնորհակալություն հայտնելով Լիտվայի նախագահին ընդունելության համար՝ դեսպան Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է Լիտվայի հետ համագործակցության առավել սերտացմամբ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով՝ ընդգծելով, որ աշխատելու պարարտ հող է տեսնում հատկապես տնտեսության ոլորտում:
 
Հանդիպման ընթացքում քննարկվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը: Դեսպան Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց Լիտվային պատերազմի օրերին հայկական կողմին ցուցաբերված աջակցության համար: Հակամարտության տևական և կայուն կարգավորման համատեքստում ընդգծվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարևոր դերը:
 
ՀՀ ԱԳՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն