Այստեղ աշխատեց նախկին իշխանությունների վերադարձի գործոնը. Քոչարյանը՝ իշխանությունների հաղթանակի մասին


Այստեղ աշխատեց նախկին իշխանությունների վերադարձի գործոնը. Քոչարյանը՝ իշխանությունների հաղթանակի մասին

  • 22-06-2021 12:19:49   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Պետք է խոստովանեմ, որ մեզ համար անսպասելի էին ընտրությունների արդյունքները: Կարծում եմ՝ շատերի համար էլ էին անսպասելի»:
 
Այսօր այս մասին հայտարարեց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը արտահերթ ընտրություններն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ:
 
Քոչարյանի խոսքով՝ բոլոր հարցումները ընտրությունների ելքի այլ պատկեր էին ցույց տալիս. «Դրանք արվել էին տարբեր սոցիոլոգիական կազմակերպությունների կողմից: Նաև նույն «Գելլափ»-ը, որին չի կարելի կասկածել իմ նկատմամբ սիմպատիա ունենալու մեջ»:
 
Քոչարյանը նշեց՝ ունեն ենթադրություններ, որ եղել են զանգվածային խախտումներ:
 
«Եղել է վարչական ռեսուրսի կիրառում: Այդ պատճառով մենք դիմելու ենք Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները քննարկելու համար: Մեր շտաբներում հիմա հավաքվում են բոլոր նյութերը, և բոլորը հավաքելուց հետո մենք ավելի լավ կպատկերացնենք, թե ինչ ծավալի բողոք է լինելու ՍԴ-ում ներկայացնելու համար»:
 
Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ այն մանդատը, որը ստացել են իշխանությունները, վստահության մանդատ չէ. «Մեր բոլոր հանդիպումները եղել են և՛ ավելի մարդաշատ, քան իշխանության ներկայացուցիչների հանդիպումները, և՛ ավելի հզոր էներգետիկայով: Իմ կարծիքով՝ այստեղ աշխատեց նախկին իշխանությունների վերադարձի գործոնը: Եվ այդ գործոնը մեծացրեց այն հանգամանքը, որ երեք նախկին նախագահները մասնակցում էին ընտրություններին: Մենք չկարողացանք կոտրել այդ հանգամանքը, քանի որ քարոզարշավը շատ քիչ էր: Կարծում եմ՝ 1-2 շաբաթ ավելի երկար քարոզարշավ ունենալու դեպքում մենք կկարողանայինք փոխել այդ պատկերացումը: Սա երևի հեղափոխության վերջին փամփուշտն էր, բայց չեմ կարծում, որ իշխանությունը ճիշտ է գնահատում այս իրավիճակը»:
 
Դաշինքի առաջին համարը, խոսելով իր դաշնակիցների տրամադրության անկումից, ասաց, որ սա նախագահական ընտրություններ չէին.
 
«Նախագահական ընտրություններում է, որ լինում է մեկ «պրիզ», լինում է կրող և պարտվող: Խորհրդարանական ընտրություններում պարտվում են նրանք, ովքեր չեն անցնում խորհրդարան: Պարտվող չեն համարվում անցնողները, լինում է առաջին, երկրորդ, երրորդ տեղ»:
 
Ռոբերտ Քոչարյանը հայտնեց, որ դեռևս չունեն վերջնական որոշում մանդատները վերցնելու հարցում. «Երեկ այստեղ հանդիպման ընթացքում Սեյրան Օհանյանը մի հետաքրքիր բան ասաց. եթե մարտական գործողությունների ընթացքում ամբողջական խնդիրը չի լուծվում, բայց դու վերցնում ես ինչ-որ խրամատներ, ապա այդ խրամատները պետք է ոչ թե պահես, այլ պետք է ամրացնես՝ հետագա գրոհի համար: Հիմա պատերազմ չէ, բայց քաղաքական պայքար է: Այո՛, ես համարում եմ, որ մենք ստացել ենք մեր պայքարը շարունակելու լուրջ հնարավորություն: Պառլամենտական պայքարը կարող է միայն ուժեղացնել մեզ: Մենք ունենք նաև փողոցային պայքարի մեծ փորձ, կարծում եմ՝ համատեղումը ուժեղացնում է մեր հնարավորությունները»,- ասաց Քոչարյանը:
 
Նշենք, որ «Հայաստան» դաշինքը խորհրդարանական արտահերթ ընտրություններում ստացել է ձայների 21.04 տոկոսը, իսկ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 53.92 տոկոս:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play