Պատերազմում հադրութցի ապագա բժիշկը ծննդավայրի հիվանդանոցում պայքարում էր վիրավորների կյանքի համար


Պատերազմում հադրութցի ապագա բժիշկը ծննդավայրի հիվանդանոցում պայքարում էր վիրավորների կյանքի համար

  • 22-06-2021 17:30:12   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
 
Պատերազմի ձայնը լսելուն պես հադրութցի Արման Երեմյանը սեպտեմբերի 27-ի երեկոյան արդեն հայրենի քաղաքում՝ Հադրութում էր՝ «սպիտակ բանակի» շարքերում: Արցախցի երիտասարդը սովորում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսում: «Մտածելու կարիք չկար, մեկնել եմ օգնելու: Երբ մեկնեցի, ականատես եղա ծանր տեսարանի, հիշելը, վերապրելը շատ դժվար է:
 
Հադրութի հիվանդանոցն ամեն ինչ ուներ վիրավորներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար: Պատերազմի առաջին իսկ օրից Երևանից բժիշկներ՝ վնասվածքաբաններ, անեսթեզիոլոգներ ու վիրաբույժներ էին ժամանել Հադրութ»,-պատմում է ապագա բժիշկ Արման Երեմյանը: Նա օգնել է, ինչով կարողացել է: 
 
«Մեր հիվանդանոցն առաջնային օղակ էր: Մեխակավանի ուղղությամբ, ամենածանր մարտերն այդ գծով էին, այդ պատճառով վիրավոր զինծառայողներին առաջին ընդունողը Հադրութի հիվանդանոցն էր, որը թշնամու ինտենսիվ հրետակոծության պատճառով հոկտեմբերի առաջին շաբաթում տեղափոխվեց թիկունք: Սկզբում Ազոխ գյուղ, հետո հիվանդանոցի անձնակազմն, ով որտեղ կարողացավ, այնտեղ տեղափոխվեց: Ես այնուհետև գնացի Սիսիանի բուժեկնտրոն, որտեղից շտապօգնության մեքենաներով Ստփանակերտից վիրավորների էինք տեղափոխում Երևան»,-նշում է ապագա բժիշկը: 
 
Արման Երեմյանն ափսոսում ու ցավում է հայրենիքի՝ Հադրութի կորստի համար: 44-օրյա պատերազմի օրերին Արմանն իր հոր՝ Հադրութի հիվանդանոցի գլխավոր բժիշկ, վիրաբույժ Արա Երեմյանի հետ էր պայքարում հայրենիքի համար առողջությունն ու կյանքը վտանգած տղաների փրկության համար: Հադրութից տեղափոխվելուց օրեր անց թշնամու հետախուզական զորքն արդեն քաղաքում էր: Ապագա բժիշկը պայքարի ու մահվան սահմանագիծ է մեկնել գիտակցաբար.
 
«Դա իմ պարտականությունն էր: Հայրենիքի հանդեպ իմ սերն ուժեղ է, անգամ այստեղ՝ Երևանում, սովորելիս անհամբեր սպասում էի՝ երբ եմ մեկնելու Արցախ, իմ ծննդավայր: Անգամ երկու օր ազատ լինելու դեպքում՝ ցանկանում էի Հադրութ գնալ: Միշտ մտածել ենք հայրենիքի համար ինչ-որ բան անել, և ահա հայրենիքն ուներ մեր կարիքը, չգնալ չէինք կարող»: 
 
Ապագա բժիշկը խոստովանում է՝ Հայաստանում սովորելուց հետո անպայման վճռել էր Արցախ վերադառնալ՝ գիտելիքն այնտեղ ներդնելու նպատակով: Ամեն ինչ, տուն- տեղ թողել են Հադրութում: «Ես այնտեղ եմ ծնվել, այնտեղ դպրոց գնացել: Իմ գլխավոր երազանքը հայրենիքն ամեն գնով վերադարձնելն է: Այդ պայքարը միշտ պետք է լինի: Կարոտում եմ մեր Հադրութը, բակը: Ամեն ամառ՝ արձակուդին, գնում էի Հադրութ: Հիմա քննություններն ավարտում ենք ու գնալու տեղ չունենք»: 
 
Ապագա բժիշկը չի մոռանում գիշերուզօր վիրավորների կողքին գտնված բժիշկներին և բուժաշխատողներին, ովքեր երբեմն առանց հաց ուտելու, առանց հանգստի, աշխատում էին: 
 
«Տպավորվել է, որ անձնակազմն առանց տրտնջալու, միասնաբար, առանց կանգառի, աշխատում էր»,-ասում է Արման Երեմյանը: Նա ուրախ է, որ իրենց հաջողվել է կյանքեր փրկել: 
 
«Ցավոք, եղան դեպքեր, որ վնասվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ»,-նշում է ԵՊԲՀ ուսանողը, որն որոշել է ընտրել վիրաբույժի մասնագիտացումը:
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play