ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորության թեկնածուին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը


ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորության թեկնածուին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը

  • 22-06-2021 19:01:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ կուսակցությունների դաշինքի Արթիկի տարածքային գրասենյակի ղեկավարը, ով նաև հանդիսանում էր տվյալ դաշինքի պատգամավորության թեկնածու, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու և այդ դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար, նույն համայնքի ընտրական ցուցակներում ընդգրկված ավելի քան 70 ընտրողներին անձամբ ու միջնորդների միջոցով 2021թ. հունիսի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում առաջարկել, խոստացել և տրամադրել են 10.000-ական ՀՀ դրամ կաշառք: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից: 
 
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են  հանցագործությունների հատկանիշներ մատնանշող բավարար տվյալներ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք տալու, ստանալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ քրեական  օրենսգրքի ՀՀ քրեական  օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով, 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 154.9-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը քննչական ենթակայության կարգով ուղարկվել է ՀՀ ՀՔԾ՝ նախաքննություն կատարելու նպատակով: 
 
Նախաքննության ընթացքում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք տալու կասկածանքով երեկ՝ հունիսի 21-ին, ձերբակալվել էին 5 անձ, այդ թվում՝ դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված անձը:
 
Երեկ քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը միջնորդություններ էր ներկայացրել ՀՀ ԿԸՀ՝ վերջինիս նկատմամբ նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու համար:
 
Այսօր ՀՀ ԿԸՀ-ն, քննության առնելով միջնորդությունները, իր որոշումներով բավարարել է դրանք: 
Դատախազի կողմից որոշումներն ուղարկվել են ՀՀ ՀՔԾ՝ նրան մեղադրանք առաջադրելու և դրանից բխող այլ դատավարական գործողություններ կատարելու հանձնարարությամբ:   
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն