«Ես փախչող տեսակ չեմ». Արցախի նախագահը` իր հրաժարական չտալու մասին


«Ես փախչող տեսակ չեմ». Արցախի նախագահը` իր հրաժարական չտալու մասին

  • 22-06-2021 21:15:36   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրապարակային ուղերձով դիմեց արցախահայությանը, հայտնում է Sputnik Արմենիան
 
Նշենք, որ արդեն երկրորդ օրն է՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաք է անցկացվում՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով, երկու քաղաքացի էլ երեկվանից հացադուլ են հայտարարել՝ ի նշան բողոքի։ Նրանց, մասնավորաբար, վրդովել էր այն փաստը, որ Արցախի նախագահը շնորհավորել է «կապիտուլյացիա ստորագրած» Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ ընտրություններում հաղթանակի առիթով։
 
Արայիկ Հարությունյանը նշեց, որ իր՝ հրաժարական չտալու պատճառը ոչ թե աթոռից կառչած լինելն է, այլ պատասխանատվությունը։
 
«Հիմարություն կլինի մտածել, թե հաճույք եմ ստանում ներկա իրավիճակից, թե ես որևէ անձնական շահագրգռվածություն ունեմ շարունակելու պաշտոնավարումս։ Ամենևին ոչ, ես պարզապես ինձ պատասխանատու եմ զգում մեր ժողովրդի ու հաջորդ սերունդների հանդեպ, այնքան պատասխանատու, որ հանկարծ իմ հուզական ու անհեռատես փախուստով չկործանեմ մեր պետականությունը, ներառյալ հրաժարականս պահանջող անձինք չմնան պետականության փլատակների տակ»,- նշեց նա։
 
ԱՀ նախագահը շեշտեց՝ ինքը փախչող տեսակ չէ և անդրադարձավ իրեն վերագրվող դավաճանության մեղադրանքներին և այն խոսակցություններին, թե ինչու պատերազմի 44 օրերի ընթացքում նախագահական նստավայրը ոչ մի անգամ չի հրետակոծվել։
 
Ընդգծեց՝ եթե ինքն իր սեփական անձի մասին այդքան անհանգստացող մարդ լիներ, ապա պատերազմի ընթացքում գրեթե ամեն օր չէր լինի առաջնագծի ամենաթեժ ու վտանգավոր կետերում։ Նշեց՝ շենքի ուղղությամբ չեն կրակել, որովհետև ինքն էլ շենքում չի եղել։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը