Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի օրն է ընկել

Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի օրն է ընկել

  • 23-06-2021 16:56:02   | Հայաստան  |  Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը հայտնվել է Սերժ Սարգսյանի վիճակում կամ, ավելի ճիշտ, Սերժ Սարգսյանի օրն է ընկել: Վերջինս, ամեն կեղծված ընտրությունից հետո,  քաղաքական խորհրդատվությունների անվան տակ, հանդիպում էր ընտրություններին մասնակից կուսակցությունների ղեկավար կազմի հետ:
 
Հանդիպում էին, ձեռք սեղմում, լուսանկարվում և տարածում ԶԼՄ-ներով:  Կարևոր չէ, թե ինչ էին խոսում, պարզ է՝ ոչ մի էական բան: Այստեղ կարևորը լուսանկարվելն էր և իր լեգիտիմության շուրջ պատում ստեղծելը: Ոչ մի քաղաքական խորհրդատվություն չկար: Ի վերջո, ի՞նչ քաղաքական խորհրդատվություն կարող էր իրականացնել Սերժ Սարգսյանը,  եթե անգամ նրա սեփական քաղաքական թիմը տեղյակ չէր նրա հաջորդ քայլերի մասին, ուր մնաց նա տեղեկատվություն հայտներ կուսակցապետերին: 
Բացակա քաղաքական մտքի և գաղափարազրկության պայմաններում կուսակցական դաշտն էլ ոչինչ չէր կարող առաջարկել: Ամենաշատը կարող էին պաշտոնի ակնարկներ արվել: Այդ հանդիպումներից մնում էին միայն լուսանկարները, որոնք քաղաքական փոփոխությունների ժամանակ օգտագործվում էին որպես վարկաբեկիչ նյութեր տվյալ կուսակցականների համար:
Այդ հանդիուպմները կազմակերպելով' Սերժը յուրահատուկ գաղտնազերծում էր իրականացնում, պարզելու, թե ումից վտանգ սպասել: 
Նիկոլը Սերժի համբերությունը չունի. նա հստակ գծել է իր սահմանները, թե ովքերն են իր իշխանության քննադատներն ու վտանգները, և հանդիպումների համար ընտրում է իրեն մեղմորեն կամ անհասցե քննադատողներին: Դրանց պակասը չկա:  Բայց Սերժն ու Նիկոլը մի նմանություն ունեն. նրանք ուզում են խանդ առաջացնել քաղաքական դաշտում, թե հանդիպման գնացողները, իմա՝ կայսերն ավելի մոտ կանգնածներն ավելի պաշտպանված կլինեն:  
Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի պես ընտրություններ չի կեղծել, թեպետ պետական լծակները սրտի ուզածի չափով գործադրել է, և այժմ հասարակական ատելություն լայնաբուռ սերմանելուց հետո որոշել է համերաշխության պատրանք ստեղծել և հանդիպում է 0.1-1.5 տոկոս հավաքած կուսակցականների հետ՝ լուսանկարներով, ձեռքսեղմումներով:
 Բայց ինչի՞ շուրջ է այդ համերաշխությունը՝ Ղարաբաղի հանձմա՞ն, Հայաստանի բզկտմա՞ն, ՀՀ անկախության կորստի՞:  Մանավանդ որ, քարոզարշավն այն մասին էր, թե հնարավո՞ր է, արդյոք, Նիկոլի ավերածը վերականգնել: 
Այս ամենն արդեն զզվելիորեն ծանոթ է: Եվ այդպես ընտրությունից ընտրություն: Դիրքորոշման բացակայությունը կառավարող կուսակցության քաղաքական ուղեգծի հանդեպ այն քարն է, որին պարբերաբար գայթելու են հայաստանյան բազում կուսակցապետերը: 
Քաղաքական մի՛տք հայտնեք, գաղափարնե՛ր տարածեք, քաղաքական սկզբունքայնություն դրսևորեք, թե չէ լուսանկարվելով քաղաքականություն չեն կերտում: 
Այս հարմարվողականությունն ու երեսպաշտությունը անվերջ տեսնելով՝ մարդ ուզում է արթնանալ կա՛մ 5–րդ դարում, կա՛մ 22-րդ դարում, որ Հայաստանը տեսնի առանց նրանց բոլորի:
 
ՄԱԱ նախագահ
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական