Իրանի նորընտիր նախագահը կողմ է միջուկային բանակցություններին, սակայն մտադիր չէ հանդիպել ԱՄՆ ղեկավարին


Իրանի նորընտիր նախագահը կողմ է միջուկային բանակցություններին, սակայն մտադիր չէ հանդիպել ԱՄՆ ղեկավարին

  • 23-06-2021 15:48:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Իրանի Իսլամական Հանրապետության ընտրյալ նախագահ Էբրահիմ Ռայիսին միջուկային օրակարգով բանակցային գործընթացը շարունակելու կողմնակից է, սակայն բացառում է տեսանելի ապագայում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպելու հնարավորությունը:
 
Այդ մասին Իրանի նորընտիր ղեկավարն ասել է ընտրություններից հետո տեղի ունեցած առաջին ասուլիսում:
 
«Մենք կողմ ենք մեր ազգային շահերին առնչվող բանակցություններին, բայց Իրանն իր տնտեսությունը և մարդկանց կյանքը չի կապի բանակցությունների հետ և չի բանակցի սոսկ հանուն բանակցության: Մենք թույլ չենք տա, որ Վիեննայի բանակցությունները մտնեն փակուղի», - ասել է Ռայիսին:
 
Նրա փոխանցմամբ, արտաքին ասպարեզում Իրանը հավատարիմ կլինի աշխարհի հետ ակտիվ և հավասարակշռված երկխոսության սկզբունքին: Ռայիսին ասել է, որ Իրանի համար առաջնահերթություն է Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցների չեղարկումը:
 
Նա ընդգծել է, որ ինքը մտադիր չէ բանակցել ԱՄՆ ղեկավարի հետ, իսկ Իրանի ներկայացուցիչներն ամերիկյան կողմի հետ բանակցելու են միայն 2015 թվականի միջուկային պայմանագրի վերականգնման հնարավորության շուրջ:
 
Հունիսի 18-ին նախագահ ընտրված Ռայիսին ասել է, որ ներքին ասպարեզում նոր կառավարության հիմնական խնդիրը կլինի ժողովրդի կյանքի բարելավումը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը