ԱՄՆ Կոնգրեսականները մտահոգություն են հայտնում Բայդենի կողմից «907-րդ բանաձևի» պահանջների կատարումից հրաժարվելու կապակցությամբ


ԱՄՆ Կոնգրեսականները մտահոգություն են հայտնում Բայդենի կողմից «907-րդ բանաձևի» պահանջների կատարումից հրաժարվելու կապակցությամբ

  • 23-06-2021 16:53:30   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ջանքերի արդյունքում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի տասնյակ անդամներ միացել են Դեյվիդ Վալադաոյին և Կոնգրեսի հայկական խմբի ղեկավարներին` Բայդենի վարչակազմին կոչ անելով դադարեցնել Ադրբեջանին տրվող ամերիկյան ռազմական օգնությունը, որն ուղղակիորեն և անուղղակիորեն նպաստում է Ադրբեջանի ռազմական գործողություններին և այդ երկրի ռազմական կարողությունների բարձրացմանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից: 
 
Մայիսի 24-ով թվագրված, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակը ստորագրող կենգրեսականները կոչ են անում անհապաղ դադարեցնել Ալիևի կոռումպացված ռեժիմին ԱՄՆ-ի ռազմական և անվտանգային օգնության բոլոր տեսակների տրամադրումը: Կոնգրեսականները մտահոգություն են հայտնում նախագահ Բայդենի կողմից «907-րդ բանաձևի» պահանջների կատարումից հրաժարվելու կապակցությամբ։
 
Մայիսի 25-ին հանձնախումբը տեղեկացրեց, որ նախագահ Բայդենի վարչակազմն առաջարկում է մոտ 24 մլն ԱՄՆ դոլարի չափով հետպատերազմյա օգնություն տրամադրել Հայաստանին: Միացյալ Նահանգների նախագահի ներկայացրած տարեկան բյուջեում նշված չէր Արցախի Հանրապետության մասին: Մինչդեռ, ամերիկացի սենատորների ու կոնգրեսականների երկկուսակցական խումբը մի քանի անգամ վարչակազմին կոչ է արել առնվազն 100 մլն դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին և Արցախին:
 
Այս առիթով, Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Ամերիկյան կառավարությունը գտել է միջոցներ նավթով հարուստ Ադրբեջանին 120 մլն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու համար, այդուհանդերձ առաջարկում է այդ գումարի միայն մի մասը ադրբեջանական բանակի կողմից ոչնչացված և տեղահանված արցախյան ընտանիքների համար: Կոնգրեսը պետք է զրոյացնի ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Բաքվին և օգնության փաթեթ ուղարկի Արցախ և Հայաստան»։
 
Մայիսի 27-ին, Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբը, անդրադառնալով ադրբեջանական ԶՈւ-ի կողմից Գեղարքունիքի մարզում հայ զինծառայողների գերեվարմանը, ԱՄՆ Կոնգրեսին նորից կոչ է արել  դադարեցնել ամերիկացիների հարկերի հաշվին ադրբեջանական բանակի ֆինանսավորումը։
 
Արդեն հուինիսի 9-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները Բայդենի վարչակազմից պատասխան են պահանջել Ադրբեջանին օժանդակելու և հայ ռազմագերիների հարցերով։ 2022 թ. ֆիսկալ տարվա համար ԱՄՆ արտաքին օժանդակության բյուժեի նախագծի լսումների ժամանակ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները և հայկական հարցերով հետաքրքրված սենատորները, մասնավորապես հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, Բարբարա Լին, Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենին հարցեր են ուղղել՝ Սպիտակ տան վարչակազմի կողմից «907-րդ բանաձևի» կատարումից հրաժարվելու, Ադրբեջանին օժանդակություն տրամադրելու և հայ ռազմագերիների խնդիրների վերաբերյալ։ Բարձրաձայնվել են նաև Թուրքիայի՝ հարևան բոլոր տարածաշրջաններն ապակայունացնող քաղաքականության և այդ երկրում մարդու իրավունքների համատարած խախտումների, մասնավորապես լրագրողների և իրավապաշտպանների ձերբակալությունների հարցերը։ Մենենդեսը հետաքրքրվել է, թե ինչ է անում Վաշինգտոնը՝ «էրդողանական Թուրքիային հակազդելու համար»։
 
Լսումների ժամանակ հանձնաժողովի նախագահ, սենատոր Մենենդեսը մասնավորապես ասել է, որ ինքը հիասթափված է վարչակազմի կողմից «907-րդ բանաձևի» պահանջների հրաժարումից այն բանից հետո, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։ Մենենդեսը նկատել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու և գերիներին անօրինաբար պահելու ետնապատկերի վրա, վարչակազմի կողմից «907-րդ բանաձևից» հրաժարումը, Բաքուն կարող է դիտել որպես «կանաչ լույս՝ անպատիժ գործելու համար»։
 
Հունիսի 14-ին Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը միացել է «Ի պաշտպանություն Քրիստոնյաների» կազմակերպության և Ամերիկահունական ղեկավար խորհրդի հայտարարությանը, որով  նախագահ Բայդենից պահանջվում է ստիպել Էրդողանին դադարեցնել Ադրբեջանի զինումը, ինչպես նաև դադարեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play