ՀՀ նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորել են Համայն Ռուսիո Պատրիարքը, Իտալիայի և Ղազախստանի նախագահները


ՀՀ նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորել են Համայն Ռուսիո Պատրիարքը, Իտալիայի և Ղազախստանի նախագահները

  • 23-06-2021 17:47:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ ծննդյան օրվա առթիվ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմից, նրան շնորհավորական ուղերձներ են հղել ազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը,  Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, Համայն Ռուսիո Պատրիարք,  Նորին սրբություն Կիրիլը: 

Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի շնորհավորական ուղերձում նշվում է. 
 
«Դուք առաջնորդի, հայրենասերի փայլուն օրինակ եք, ով իր մեծ ավանդն է բերում Հայաստանի կայուն զարգացման գործում: Համոզված եմ, որ հայ-ղազախական ավանդական բարեկամական հարաբերությունները ապագայում ևս կնպաստեն երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությանը՝ ի շահ մեր ժողովուրդների»:

Ղազախստանի առաջին նախագահը Հայաստանի նախագահին մաղթել է քաջառողջություն, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:  

Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը բարձր է գնահատել նախագահ Արմեն Սարգսյանի ավանդը Հայաստանի միջազգային դիրքերի ամրապնդման և հայ-ղազախական հարաբերությունների զարգացման գործում:
 
«Համոզված եմ, որ բարձր մակարդակով մեր կառուցողական երկխոսությունը շարունակելը հետագայում ևս կնպաստի հայ-ղազախական համագործակցության ընդլայնմանն ինչպես երկկողմ, այնպես էլ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում: Այն լիովին համապատասխանում է Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության շահերին»,- մասնավորապես ասված է Տոկաևի շնորհավորական ուղերձում: 
 
Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի ուղերձում նշվում է. 
 
«Կցանկանայի վերահաստատել մեր երկրները միավորող անկեղծ բարեկամության կապերն առավել զարգացնելու ու խորացնելու իմ մտադրությունը: Վստահ եմ՝ Ձեր առաջիկա պետական այցը Իտալիա կարևոր առիթ կհանդիսանա մեր՝ միասին գրանցած արդյունքների և երկկողմ հարաբերություններն առավել զարգացնելու հնարավորությունների մասին մտածելու համար: Բարեկամության ոգով և Երևանում ու Հռոմում մեր հանդիպումների վառ հիշողություններով՝ ևս մեկ անգամ Ձեզ եմ հղում իմ ջերմ շնորհավորանքները և անձնական ու ընտանեկան բարեկեցության բարեմաղթանքները»:
 
Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք, Նորին սրբություն Կիրիլն իր ուղեերձում նշել է. 
 
«Վաստակելով ժողովրդի վստահությունը և զբաղեցնելով պետական բարձր պաշտոն՝ Դուք պատասխանատվությամբ եք կատարում Ձեզ վստահված պարտականությունները և զգալի ներդրում ունենում հասարակության համախմբման գործում՝ հանուն երկրի արժանապատիվ ապագայի:Գնահատելի է, որ Դուք զգալի ջանքեր եք գործադրում, որպեսզի Ձեր հայրենակիցները չմոռանան իրենց հոգևոր արմատները, հարգանքով վերաբերվեն ազգային պատմությանն ու մշակույթին, հոգատարությամբ պահպանեն նախնիների ժառանգությունը: Մաղթում եմ Ձեզ հոգևոր և մարմնական ուժ, Աստծո առատաձեռն օգնությունը և հաջողություններ Ձեր աշխատանքում, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն ու բարօրություն»:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն