Հրամայված է ընկնել խիզախի մահով


Հրամայված է ընկնել խիզախի մահով

  • 23-06-2021 20:05:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Lragir.am-ը գրում է. «Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ իր գլխավորած դաշինքը ամենայն հավանականությամբ կվերցնի խորհրդարանի մանդատները: Հաշվի առնելով, որ դաշինքի ցուցակում կեսը դաշնակներ են, որոնք հայրենիքում վերահաստատվելուց հետո հանուն մանդատի ուրացան ամենայն ինչ, նույնիսկ կուսակցությանը՝ կոալիցիաներ կազմելով ում հետ ասես, այդպես էլ կլինի: Մանդատը վերցնելու հավանականության մասին է հայտարարել նաեւ Պատիվ ունեմ դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանը:
 
ԱԺ արտահերթ ընտրության քվեարկությունից անմիջապես հետո Կրեմլը արձանագրեց, որ Նիկոլ Փաշինյանը տարել է «համոզիչ հաղթանակ»: Կրեմլի խոսնակի կիսաթախծոտ հայտարարությունն ավելի շատ նման էր ռուսանպաստ ուժերին ուղերձի՝ տոկոսների տարբերությունը մեծ է, «համոզիչ», ոչինչ չենք կարող անել: Մեկ խոսքով նորից, արդեն երրորդ «սլիվ»:
 
Թե Քոչարյանը, թե Վանեցյանը հայտարարել են, որ քվեարկության արդյունքն անակնկալ է եղել իրենց համար: Պետք է նշել, որ նրանք բավական անկեղծ են այդ հարցում՝ կար համոզմունք, որ մի քանի ամիս ինտենսիվ քարոզչությամբ «դավաճան, կապիտուլյանտ, սորոսական, թուրք» հանված Փաշինյանին մարդիկ ձայն չեն տա: Իր հերթին, այդ համոզմունքը սնուցվում էր Մոսկվայից՝ քարոզչական աջակցությամբ, սադրանքներով, արտահոսքերով ու սոցհարցումներով: Ու ամենակարեւորը՝ խոստումներով:
 
Կրեմլի կողմից երեւանյան փողոցներում դեգրադացվող 17-ի շարժման երկու «սլիվներից» հետո Հայաստանի «կուրատոր» դեսպան Կոպիրկինը հրահանգեց մասնակցել ընտրություններին, որոնց՝ մոսկովյան սցենարից շեղվելու դեպքում պետք է սկսեին հետընտրական «գործընթացներ»: Այդ մասին խոսում էին ռուս փորձագետները եւ Կրեմլի խոսափող Ալիեւը: Հետընտրական գործընթացները չէր բացառում նաեւ Քոչարյանը նախընտրական իր ասուլիսում:
 
Նոր խորհրդարանը մոսկովյան մտահղացմամբ պետք է լեգիտիմացնի եռակողմ փաթեթն ու «խաղաղության մեծ պայմանագիրը»: Կրեմլի երրորդ «սլիվին» ենթարկված ուժերը բախվել են ետպատերազմյա Հայաստանում ռուսանպաստության անխուսափելի հետեւանքին՝ վերցնելով խորհրդարանի մանդատները, նրանք հավասար պատասխանատվություն են վերցնում իշխող ուժի հետ: Սակայն սա իրավիճակի մակերեսն է միայն՝ մոսկովյան հորդորով իրականացված ընտրությունները ցույց տվեցին, որ հայության շրջանում Ռուսաստանի դերի մասին ավանդական պատկերացումներն ու համապատասխան տեխնոլոգիական հնարքները սպառված են: Այդ ֆոնին, խորհրդարանում ռուսանպաստ լինելը հավասարազոր է քաղաքական ինքնասպանության:
 
ԱԺ անցած ուժերը ստիպված են վերաիմաստավորել իրավիճակը: Հատկապես պարբերաբար սլիվների ենթարկվող ռուսանպաստ ընդդիմությունը, որին Կրեմլից հրամայված է ընկնել խիզախի մահով»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը