Ամեն ինչ վերջացած չէ Արցախի հարցում. խնդրի լուծման բանալին իրավական դաշտում է. Ալբերտ Հայրապետյան


Ամեն ինչ վերջացած չէ Արցախի հարցում. խնդրի լուծման բանալին իրավական դաշտում է. Ալբերտ Հայրապետյան

  • 24-06-2021 17:25:48   | Հայաստան  |  Քաղաքական



 
Ամեն ինչ վերջացած չէ Արցախի հարցում, իսկ «Արցախի իրավունքներ» կոչված դուռը երբեք փակ չի եղել, ընդամենը պետք էր տեսնել այդ դուռը: Այս մասին Նոյյան Տապան «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ նշեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող, նույն համալսարանի Միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Ալբերտ Հայրապետյանը: 
 
«Տասնյակ տարիներ, երբ խոսում էինք հակամարտության մասին, այն դիտարկել ենք տարբեր ասպեկտներից` պատմական, քաղաքական, լիրիկական, տնտեսական դիտարկել ենք, թե չէ` չգիտեմ, բայց շատ քիչ են հետազոտությունները, որոնք հարցին փորձել են նայել զուտ իրավական տեսանկյունից` առանց դրան էմոցիա խառնելու: Հենց դա է պատճառը, որ միջազգային հանրության մոտ տպավորություն է ստեղծվել, որ գործ ունենք տարածքային վեճի հետ, այնինչ սա տարածքային վեճ  չէ, բացատրեմ` ինչու:
 
Նախ պետք է  նշենք, որ ԽՍՀՄ սահմանադրությունը նախատեսում էր հանրապետության անջատում, և օրենքներից մեկն էլ ասում էր, որ եթե հանրապետության ներսում հանաքվե է տեղի ունենում, ապա տվյալ հանրապետության մեջ գտնվող ինքնավար մարզերը կարող են անցկացնել հանրաքվե և որոշել` այդ հանրապետության մեջ են մնում, թե չէ: Սա իրավական հիմքերից մեկն է»,- ասաց նա: 
 
Տնտեսագիտության թեկնածուն նաև բացատրեց, որ ոչ մի դեպքում ԼՂ հակամարտությունը չի կարելի դիտարկել որպես միջպետական վեճ, և շեշտեց, որ դա մեր շահերից չի բխում: «Երբեք Լեռնային Ղարաբաղը չի եղել Արդբեջանի Դեմոկրատական Հանրապետության կազմում, ինչու եմ այդպես ասում, որովհետև  Ադրբեջանն ինքն իրեն Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ չի ճանաչում, ավելին` իր անկախության հռչակագրում նշում է «անեքսացիա» բառը, այսինքն, նրանք կարծում են` այն , ինչ արել են Խորհրդային զորքերը, անեքսացիա էր` բռնակցում: Իսկ Ադրբեջանն ինքն իրեն համարում է Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը: Բայց, ներեցեք, Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության կազմում Լեռնային Ղարաբաղ չի եղել: 
 
Եվ հենց այս հիմքով պետք էր միջազգային հանրությանը հրամցնել, որ Ադրբեջանը չի կարող «մայր» պետություն համարվել, քանի որ Արցախը նրա կազմում չի եղել»,- ասաց Հայրապետյանը:
 
Առավել մանրամասն` տեսանյութում 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play