Սթափվեք, թողեք անպտուղ քաղաքականությունը. հողը տնքում է իր թանկ մեռելների ծանրությունից


Սթափվեք, թողեք անպտուղ քաղաքականությունը. հողը տնքում է իր թանկ մեռելների ծանրությունից

  • 25-06-2021 20:16:48   | Հայաստան  |  Քաղաքական

ԿՈՉ՝  ՍԹԱՓՈՒԹՅԱՆ
 
Հայրենիքը  հնարավոր  չէ  ուրանալ,  եթե հանձնում են՝ ուրանում են...նշանակում է,  ուրացողը  նախ  ուրացել  է  իրեն: Հայրենիքի  տերն է  նրան  զորավոր  դարձնում,եթե տերը զորավոր  է: Եթե  ազգերին  կենսատարածք  է  տրվում, նրան տրվում  է նաև  կենսական  ուժ,  այդ  տարածքը  անխոցելի  պահելու  համար:  Շուշիի  ազատագրումը  շտկեց մեր ազգային  բարոյականության  ողնաշարը, մեզ  տրված  ուժը  մենք  ճիշտ  օգտագործեցինք՝  1992թ.  մայիսի  8-ի  լույս  9-ի  գիշերը... Շուշիի  անկումը ինձ  համար լոկ  քաղաքի  հանձնում  չէր՝   Նա  Անիի,  Տիգրանակերտի, Վանի  , Ղարսի...մյուսների նման Հայրենիք կենսատարածքի  հոգևոր կորուստ էր,որի  պատճառով կրկին  խաթարվեց  Ազգ  օրգանիզմի  շնչառությունը  ու  մենք  հիմա  պայքարում ենք նրա երակների զոնդավորման համար...Վերջին  ճիգերով  պետք  է փրկել կենսատարածքի  անշտկելի  կորուստները,  նրա  հետագա  վերածննդի  հույսով...  Հայրենիքը  կենցաղ  չէ:  Ես  զարմացած  եմ  օրվա դատարկ խոսակցությունների վրա,երբ  ադրբեջանական  զնդաններում հայ գերիներ  են տնքում, ձեր  ուժն այնտեղ է, որտեղ  Հայրենիքն  անխոցելի  է,  հոգնեք  այս  անհանդուրժելի  եսակենտրոնությունից, անկեղծորեն  նայեք  ձեր շուրջը, սթափվեք  հայի, մարդու, որդու, երկրի տիրոջ պատասխանատվության շուրջ, երեկ  Զինվորի  տան վերականգնողական կենտրոնում էի /այս  մասին ավելի մանրամասը  հետո կգրեմ/...  20 տարեկան պատանեկան  շղարշը  դեմքերին  բազում  հաշմանդամներ,  ինձ թվաց հաշմանդամ  հայրենիքն  էր  այնտեղ...Այո,  Հայաստանն  այստեղ  էր, այս  վիճակում և  այս  վիճակից  դուրս  գալու  ելքը  ազգային  սթափությունն  է՝ առանց  ավելորդ  ճառերի  ու  հոխորտանքների, անհնարինը  հնարավոր  դարձնելու վճռականությամբ, ազգովի...Խռովք  է հոգուս մեջ՝ չգիտակցված  օրերի անհոգ  ապրողների  եսակենտրոնություններից: Վաղը  նոր լուսաբաց  է գալու, լույսով  նայեք  գալիք  օրերին,  մեր  ծննդատներում,  թեև  քիչ,  բայց մանուկներ  են  ծնվում՝  մի զլացեք  գիտակից ապրել...
Թողեք  անպտուղ  ձեր  որդեգրած քաղաքականությունը, Ազգ  և  պետականություն  հասկացողությունը  մենք  ամեն  ինչից  վեր պետք  է  դասեինք,որովհետև  նա մեր  գոյության  խարիսխն  է: Մինչդեռ  այսօր  ազգը  բաժանված  է  120 կուսակցությունների, այն  է՝  120 մասի,իսկ  պետությունը նոր  ոտքի  ելնող  մանկան նման երերուն  է դարձել,Հայաստանի  դեմ կազմակերպված  անեքսիայից  հետո... խոնարհվելը  քիչ  է ընկածների  հիշատակի  առաջ, եթե  նրանց  ոգով  չպայքարենք,  եթե մեր  ձեռքը  պետության   թիկունքին չպահենք, նա  արյունաշաղախ  կլինի, ինչի  մեջ որ  ապրում ենք  այսօր: Սա՞  էր  մեր  երազանքի  Հայաստանը, ո՛չ,  հազար  անգամ   ո՛չ,  ուստի երկրի  ղեկն  ստանձնող  անհատականությունը Հայաստանը ոչ թե  ավերի  ու  թալանի,  ոչ  թե հաշվեհարդարների  ու եսակենտրոնության, ոչ տգիտության  ու  բանսարքությունների միջավայր  պետք  է ձևավորի, այլ  իր գենի միակ  շառավիղը  համարելով, ամեն գնով  նրան  պահելու՝ դարմանելու, հզորացնելու  ելքեր պետք է որոնի: Մենք  այլևս  կորուստների  տեղ  չունենք, հայոց  հողը  տնքում  է իր  թանկ  մեռելների  ծանրությունից:  Սթափվենք,  անպատիվ  մահը մեռնել  չէ...և  ոչ էլ  ոսկյա  բռնակներով դռների ետևում ննջելը՝  ապահովություն։
 
«Մայր Հայաստան» միավորման նախագահ
գրող - հրապարակախոս
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական