ՄԱԶԾ-ն Հայաստանում կաջակցի շուրջ 28,000 բնակչի՝ ներառյալ տեղահանվածների, ապրուստի միջոցների բարելավմանը՝ Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորմամբ


ՄԱԶԾ-ն Հայաստանում կաջակցի շուրջ 28,000 բնակչի՝ ներառյալ տեղահանվածների, ապրուստի միջոցների բարելավմանը՝ Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորմամբ

  • 30-06-2021 12:06:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Այսօր Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Միհաելա Ստոյկոսկան ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի առավել խոցելի համայնքներին և խմբերին՝ ներառյալ տեղահանվածներին, աջակցություն տրամադրելու ծրագրի մեկնարկի վերաբերյալ: Ծրագիրը, մասնավորապես, կթիրախավորի Հայաստանի սահմանամերձ՝ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերը: 3.2 միլիոն ԱՄՆ դոլարի ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից և իրականացվում ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի միջոցով:
 
Ծրագիրը համահունչ է ներառական աճի, ձեռներեցության և աշխատատեղերի ստեղծման միջոցով աղքատության դեմ պայքարի ՀՀ կառավարության օրակարգին և նպատակ ունի Հայաստանի մարզերում ստեղծել կայուն ապրուստի միջոցներ անապահով խմբերի համար՝ ներառյալ տեղահանվածները և վետերանները, աշխատատեղերի ստեղծման տարատեսակ մեխանիզմների միջոցով աջակցել նրանց սոցիալ-տնտեսական ինտեգրմանը, առավելագույնի հասցնել սոցիալ-տնտեսական վերականգնման օգուտները համայնքների և խոցելի խմբերի համար՝ միևնույն ժամանակ տրամադրելով կայուն  և կանաչ էներգիայի լուծումներ:
 
«Այսօր մեկնարկած ծրագրի հիմնական նպատակներից մեկն է նպաստել հայ հասարակության հետկոնֆլիկտային սթրեսը հաղթահարելուն, վերականգնելու վստահությունն ու առաջ շարժվելու ուժը. այն, ինչին մենք, որպես հիմնական ռազմավարական դաշնակից, մեծ նշանակություն ենք տալիս: Այս նախաձեռնությունը ևս մեկ քայլ է Ռուսաստանի հետևողական և համակարգված աջակցությանը Հայաստանի համապարփակ ,սոցիալ-տնտեսական զարգացմանը, որն իրականացվում է երկկողմ և միջազգային մեխանիզմներով», - ասաց Սերգեյ Կոպիրկինը:
 
«ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը՝ Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ, ոչ միայն հոգալու է Հայաստանի խոցելի համայնքների և խմբերի անմիջական կարիքները՝ այդ թվում կենսապահովման, բնակարանային, աշխատատեղերի, էներգիայի և այլ հարցեր, այլ նաև կայուն լուծումներ է առաջարկելու, որոնք ավելին են քան մարդասիրական օգնությունը և ուղենշում են զարգացման ճանապարհ՝ օժանդակելով ապաստանող համայնքների զարգացմանը ու թեթևացնելով Հայաստանի կառավարության բեռը», - ասաց Միհաելա Ստոյկոսկան:
 
ՄԱԶԾ-ն և Ռուսաստանի Դաշնությունը հաջող գործընկերության երկարատև պատմություն ունեն կայուն զարգացման, գյուղական զբոսաշրջության, կլիմայի փոփոխության, էներգիայի և շրջակա միջավայրի պահպանման ոլորտներում: Ընթացիկ երկամյա ծրագիրը կիրականացվի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ:
 
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը գործընկերային կապեր է հաստատում հասարակության բոլոր խավերի ներկայացուցիչների հետ` զորակցելով պետություններին դիմակայելու ճգնաժամերին: ՄԱԶԾ-ն խթանում է նաև աճը, որ կոչված է բարելավելու յուրաքանչյուր անձի կյանքի որակը: Մնայուն ներկայություն ունենալով մոտ 170 երկրներում և տարածքներում` մենք համաշխարհային փորձ և տեղական լուծումներ ենք մատուցում` նպաստելով կյանքի բարելավմանը և աջակցելով կայուն պետականության ձևավորմանը: ՄԱԶԾ-ն hաստատվել է Հայաստանում 1993թ. մարտին և աջակցում է կառավարությանն իրականացնելու ազգային զարգացման առաջնահերթությունները, ինչպես նաև հասնելու Կայուն զարգացման նպատակներին:
 
 
      
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն