Ամեն ինչ ծրագրված էր այնպես, որ մենք տանուլ տայինք պատերազմը ու կորցնեինք Արցախը. դա բոլորին էր ձեռնտու. Հարութ Արթին Առաքելյան
30-06-2021 19:10:32 | Հայաստան | Քաղաքական
Պատմության ընթացքում միշտ Հայաստանի տարածքում գերտերությունները բախվել են իրար, դա պատմական իրողություն է: Արցախյան երկրորդ պատերազմը ևս դրա արդյունքն էր, ու թեև հարցը ներկայացվում էր որպես Հայաստան և Ադրբեջանի միջև խնդիր, սակայն դա վեր էր Հարավային Կովկասի տարածաշրջանի այս փոքրիկ օղակից: Այս մասին Նոյյան Տապանի «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ նշեց իրանագետ, Միջին Արեւելքի հարցերի փորձագետ Հարութ Արթին Առաքելյանը:
Ըստ նրա` շատ ավելի մեծ ուժեր դերակատար էին այս հարցում, և և գերտերությունների ուժային դասավորվածությունն այնպիսին էր, որ ամեն ինչ ծրագրված էր այնպես, որ մենք պետք է տանուլ տայինք այս պատերազմը ու կորցնեինք Արցախը. դա բոլորին էր ձեռնտու:
«Այստեղ մի քանի առանցքային հարցեր կային, օրինակ, Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծը և այն, թե որ ճանապարհներն են ներառվելու այդ նախագծում: Այստեղ գերտերությունները տարբեր շահեր ունեին: Պարզ էր մի բան` Արցախի հարցը պետք է լուծվեր, սակայն երկար տարիների բանակցությունները ույց էին տալիս, որ հարցը լուծում չունի:
Մենք էլ մեր հերթին խաբվեցինք «Արցախի հարցը ռազմական լուծում չունի» թեզին, որը Եվրոպան ու մեծ ուժերը պնդում էին, և մենք էլ մտածում էինք, որ եթե ռազմական բախում լինի` նրանք կմիջամտեն:
Սակայն ամեն ինչ տանում էր նրան, որ Արցախի հարցը պետք է լուծվեր ի օգուտ Ադրբեջանի, և այդտեղ տեսնում ենք նաև պայմանագրի 9-րդ կետը, որը ճանապարհների ապաշրջափակմանն է վերաբերում: Դրանով Իրանն ընդհանրապես դուրս է մղվում, որովհետև մինչ այդ Ադրբեջանը Նախիջևանի և Թուրքիայի հետ կապվում էր Իրանի միջոցով»,- ասաց զրուցակիցը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, Հարութ Արթին Առաքելյանը կարծիք հայտնեց, որ վերջինս միշտ ցույց է տվել, որ բոլոր սցենարների դեպքում ունի իր լուծումը:
«Այս տարբերակը Ռուսաստանին ձեռնտու չէ, սակայն այստեղ էլ նա իր համար երաշխիք է ստեղծել, որն ամրագրել է նոյեմբերի 9-ի պայմանագրում: Այնտեղ նշվում է, որ եթե պետք է ճանապարհները ապաշրջափակվեն, ապա հայկական հատվածում ճանապարհները հսկելու են ռուսական ուժերը»:
Միջին Արեւելքի հարցերի փորձագետը նշում է` եթե այս ծրագիրը շարունակվի, Հայաստանը դեռ նոր կորուստներ է ունենալու. «Առաջին պլանում այս ընտրություններն էին, և սպասելիորեն հաղթեց Փաշինյանը, հաջորդը լինելու է սահմանազատման և սահմանագծման հապճեպ նախագիծը, որին համարյա թե բոլորը կողմ են, և այս հարցում ճնշում կա Հայաստանի վրա:
Այդտեղ մենք ունենք կորցնելու բաներ, քանի որ այդ սահմանագծման դեպքում ենք համարելու ենք, որ Արցախը Ադրբեջանի տարածքում է: Երկու օր առաջ էլ Ալիևն ասեց, որ Հայաստանն իրավունք չունի այլևս կոչի Լեռնային Ղարաբաղ:
Հաջորդը լինելու է Թուրքիայի սահմանի ճանաչումը: Գալու է այդ ժամանակը, որ դա էլ մեզ կպարտադրեն»: