Ամեն ինչ ծրագրված էր այնպես, որ մենք տանուլ տայինք պատերազմը ու կորցնեինք Արցախը. դա բոլորին էր ձեռնտու. Հարութ Արթին Առաքելյան


Ամեն ինչ ծրագրված էր այնպես, որ մենք տանուլ տայինք պատերազմը ու կորցնեինք Արցախը. դա բոլորին էր ձեռնտու. Հարութ Արթին Առաքելյան

  • 30-06-2021 19:10:32   | Հայաստան  |  Քաղաքական



Պատմության ընթացքում միշտ Հայաստանի տարածքում գերտերությունները բախվել են իրար, դա պատմական իրողություն է: Արցախյան երկրորդ պատերազմը ևս դրա արդյունքն էր, ու թեև հարցը ներկայացվում էր որպես Հայաստան և Ադրբեջանի միջև խնդիր, սակայն դա վեր էր Հարավային Կովկասի տարածաշրջանի այս փոքրիկ օղակից: Այս մասին Նոյյան Տապանի «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ նշեց իրանագետ, Միջին Արեւելքի հարցերի փորձագետ Հարութ Արթին Առաքելյանը:
 
Ըստ նրա` շատ ավելի մեծ ուժեր դերակատար էին այս հարցում, և և գերտերությունների ուժային դասավորվածությունն այնպիսին էր, որ ամեն ինչ ծրագրված էր այնպես, որ մենք պետք է տանուլ տայինք այս պատերազմը ու կորցնեինք Արցախը. դա բոլորին էր ձեռնտու: 
 
«Այստեղ մի քանի առանցքային հարցեր կային, օրինակ, Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծը և այն, թե որ ճանապարհներն են ներառվելու այդ նախագծում: Այստեղ գերտերությունները տարբեր շահեր ունեին: Պարզ էր մի բան` Արցախի հարցը պետք է լուծվեր, սակայն երկար տարիների բանակցությունները ույց էին տալիս, որ հարցը լուծում չունի: 
 
Մենք էլ մեր հերթին խաբվեցինք «Արցախի հարցը ռազմական լուծում չունի» թեզին, որը Եվրոպան ու մեծ ուժերը պնդում էին, և մենք էլ մտածում էինք, որ եթե ռազմական բախում լինի` նրանք կմիջամտեն: 
Սակայն ամեն ինչ տանում էր նրան, որ Արցախի հարցը պետք է լուծվեր ի օգուտ Ադրբեջանի, և այդտեղ տեսնում ենք նաև պայմանագրի 9-րդ կետը, որը ճանապարհների ապաշրջափակմանն է վերաբերում: Դրանով Իրանն ընդհանրապես դուրս է մղվում, որովհետև մինչ այդ Ադրբեջանը Նախիջևանի և Թուրքիայի հետ կապվում էր Իրանի միջոցով»,- ասաց զրուցակիցը: 
 
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, Հարութ Արթին Առաքելյանը կարծիք հայտնեց, որ վերջինս միշտ ցույց է տվել, որ բոլոր սցենարների դեպքում ունի իր լուծումը: 
 
«Այս տարբերակը Ռուսաստանին ձեռնտու չէ, սակայն այստեղ էլ նա իր համար երաշխիք է ստեղծել, որն ամրագրել է նոյեմբերի 9-ի պայմանագրում: Այնտեղ նշվում է, որ եթե պետք է ճանապարհները ապաշրջափակվեն, ապա հայկական հատվածում ճանապարհները հսկելու են ռուսական  ուժերը»: 
 
Միջին Արեւելքի հարցերի փորձագետը նշում է` եթե այս ծրագիրը շարունակվի, Հայաստանը դեռ նոր կորուստներ է ունենալու.  «Առաջին պլանում այս ընտրություններն էին, և սպասելիորեն հաղթեց Փաշինյանը, հաջորդը լինելու է սահմանազատման և սահմանագծման հապճեպ նախագիծը, որին համարյա թե բոլորը կողմ են, և այս հարցում ճնշում կա Հայաստանի վրա:
 
Այդտեղ մենք ունենք կորցնելու բաներ, քանի որ այդ սահմանագծման դեպքում ենք համարելու ենք, որ Արցախը Ադրբեջանի տարածքում է: Երկու օր առաջ էլ Ալիևն ասեց, որ Հայաստանն իրավունք չունի այլևս կոչի Լեռնային Ղարաբաղ:
 
Հաջորդը լինելու է Թուրքիայի սահմանի ճանաչումը: Գալու է այդ ժամանակը, որ դա էլ մեզ կպարտադրեն»:
 
Առավել մանրամասն` տեսանյությում 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական