Ազդակներ կան, որ Փաշինյան-Քոչարյան հակադրությունը քաղաքական շոու է, և մարդիկ տրվեցին դրան. Անդրիաս Ղուկասյան


Ազդակներ կան, որ Փաշինյան-Քոչարյան հակադրությունը քաղաքական շոու է, և մարդիկ տրվեցին դրան. Անդրիաս Ղուկասյան

  • 01-07-2021 17:35:26   | Հայաստան  |  Քաղաքական



Մեր գնահատականներով այս ընտրություններում ընտրողների 25 տոկոսը, այսինքն` 300 հազարից ավելի ընտրող քվեարկել են ընտրակաշառքի կամ դրամական խոստման ազդեցության տակ, և դա տեղի է ունեցել իշխանությունների թույլտվությամբ: Այս մասին Նոյյան Տապանի «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ նշեց Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը։
 
Ըստ նրա` կան հարուցված քրեական գործեր, 7 պատգամավորի թեկնածու մեղադրվում են ընտրակաշառք բաժանելու մեջ, որոնցից մեկը հասցրել է արդեն երկրից հեռանալ, մի քանի տասնյակ գործեր կան իրավախախտումների հետ կապված: ««Հայաստան դաշինքը, «Պատիվ ունեմ» դաշինքը և ԲՀԿ-ն ազատորեն օգտագործել են ընտրակաշառքը` ընտրողներ ներգրավելու համար, նման պայմաններում այսպիսի ընտրությունների կազմակերպումը համարել ազատ և արդար, կլիներ մեծագույն սխալ: Մենք նաև համարում ենք, որ առնվազն 130 հազար ձայնով հավելագրված է ընտրողների թիվը, առնվազն ժամը 14.00-17.00-ն ընկած հատվածում ընտրատեղամասերում գրեթե քվերակություն չի եղել, սակայն ԿԸՀ-ն հայտնել է 290 հազար քվեարկության մասնակիցների մասին»,- ասաց Ղուկասյանը:
 
Նա նկատեց` այս ամբողջը ցավալի է և հիշեցնում է այն ընտրությունները, որ Հայաստանում տեղի են ունեցել 18 թվականին  և դրանից առաջ.    «Այն, որ այսօր Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանում են, պատասխանատու է հենց Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն: Իրենք  ամեն ինչ արեցին, որ այս ընտրություններում ձևավորվի օրակարգ` կա՛մ Քոչարյան, կա՛մ Փաշինյան: Դրա համար օգտագործեցին բոլոր մեթոդները` լարում էին իրավիճակը, մուճերով էին շրջում և այլն: Այդպիսի մակարդակի ընտրություններում, իհարկե, մարդիկ շփոթվեցին և ընական այդ օրակարգի ազդեցության տակ կատարեցին ընտրություն:
 
Ըստ հարցումների` Փաշինյանի օգտին կարող էին քվեարկել առավելագույնը 400 հազար մարդ, իսկ ինչքա՞ն քվեարկեց, ըստ Մուկուչյանի` 680 հազար: Դա ունի բացատրություն: Բացի այն, որ հավելագրված են եղել Փաշինյանի կողմ քվեները, նաև դա նաև քարոզարշավի սխալ օրակարգի արդյունքն է` կա՛մ Քոչարյան, կա՛մ Փաշինյան: Իսկ այսօր արդեն ազդակներ կան, որ Փաշինյան-Քոչարյան հակադրությունը քաղաքական շոու է, և մարդիկ տրվեցին դրան, նրանք գերադասեցին քվե տալ Նիկոլ Փաշինյանին, նրա հետ կիսել քաղաքական պատասխանատվությունը, քան թե կատարել քաղաքական  ընտրություն »,- հավելեց Ղուկասյանը:
 
Առավել մանրամասն` տեսանյութում 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական