Քոչարյանի կամ Սարգսյանի կազմակերպած ընտրական կամպանիաներով կարելի էր Արցախի կեսը վերականգնել, հասկանո՞ւմ եք. Նորայր Նորիկյան
02-07-2021 17:00:17 | Հայաստան | Քաղաքական
Հետընտրական Հայաստանում գործ ունենք մի արդյունքի հետ, երբ նախորդ քաղաքական ռեժիմները դարձան կենսունակ և վերադարձան խորհրդարան, մինչդեռ նրանցից ոմանք պետք է հայտնվեին բանտում: Այս մասին Նոյյան Տապանի «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ նշեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանը:
Ըստ նրա` նախընտրական շրջանում Քոչարյանի ու նրա թիմի ամբիցիաները բավարարելու միջավայր էր ստեղված, և իրենք, ըստ էության, իրականացրին իրենց ծրագրերը: «Այն, որ նախորդ քաղաքական ռեժիմների կազմած դաշինքներն են լինելու Ազգային ժողովում որպես ընդդիմություն, էլ ավելի է բարդացնելու հանրային կյանքը: Անհասկանալի ու անընդունելի է, թե ինչպես կարող էին նախկին ռեժիմներն ունենային կենսունակություն և ստանային այսքան մանդատ»,- ասաց նա:
Նորիկյանը նշեց` Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին ստացել է 880 հազար ձայն, այս ընտրություններին` 680 հազար ձայն, ընդամենը 200 հազար ձայն պակաս: «Բայց զարմանալին այն չէ, թե ինչու է 200 հազար ձայն պակաս ստացել, այլ այն, թե ինչպես ստացվեց, որ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը միասին ստացել են շուրջ 350 հազար ձայն: Սա պետք է մարդիկ վերլուծեն:
Եթե նախկին նախագահները չմասնակցեին այս ընտրություններին, մի քիչ օրիանակ վերցնեին Վրաստանի նախագահից, ով իր լիազորություններն ավարտելուց հետո գնաց գյուղում դարբնությամբ զբաղվելու, պատկերն այլ կլիներ: Սակայն մեր ամբողջ քաղաքական էլիտան` 88-ի քաղաքական էլիտան, մինչև վերջին շունչը ցանկանում է մնալ ջրի երեսին: Այսօրվա Հայաստանի մեղավորն էլ իրենք են, նրանց քաղաքական մտքի պարտության հետևանքն է այսօրվա Հայաստանը, որովհետև այդ քաղաքական էլիտան չկարողացավ իրենից դուրս որևէ մեկին նայել: Ի՞նչ էր որոնում Լևոն Տեր-Պետրոսյանը, որ չգտավ, ի՞նչ էր որոնում Ռոբերտ Քոչարյանը, մանդա՞տ էր որոնում, իսկ Սերժ Սարգսյա՞նը: Իրենք իրենց «աստեղային ժամն» ավարտել գնացել էին: Տեսել ենք ձեր ղեկավարած Հայաստանը, մեր ժողովուրդը մերժել է ձեզ, ի՞նչ եք ուզում, չե՞ք կշտանում: Քոչարյանի կամ Սարգսյանի կազմակերպած ընտրական կամպանիաներով կարելի էր Արցախի կեսը վերականգնել, հասկանո՞ւմ եք»,- ասաց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահը:
Ինչ վերաբերում է ընտրության արդյունքները Սահմանադրական դատարանում վիճակելու` «Հայաստան» դաշինքի ցանկությանը, Նորայր Նորիկյանն ասաց. «Ես իրավաբան եմ և շատ լավ հասկանում եմ ՍԴ դիմելու ընթացակարգերը, պայմանները: «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքը հստակ նախանշում է այն բոլոր դեպքերը, թե ինչ պարամետրերի առկայության պայմաններում կարող է ՍԴ-ն անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները: Եթե մատչելի բացատրեմ` ընտրությունների արդյունքները կարող են անվավեր ճանաչվել միայն մի դեպքում, եթե ընտրական գործընթացում տեղի են ունեցել այն ծավալի ընտրախախտումներ, որոնց պայմաններում հնարավոր չի որոշել, թե ընտրություններում որ քաղաքական ուժն է հաղթել: Դուք կարծո՞ւմ եք, եթե այդ ծավալի խախտումներ լինեին, հանրությունը տեղյակ չէր լինի»: