«Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը տեղի կունենա Վենետիկում

«Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը տեղի կունենա Վենետիկում

  • 15-07-2021 15:24:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
2021 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը տեղի կունենա Վենետիկում:Մրցանակի շնորհման արարողությունն ու դրան ուղեկցող մյուս միջոցառումները կանցկացվեն հոկտեմբերի 8-10-ը:
 
Հուլիսի 15, 2021 թ. – Երեւան, Հայաստան – «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է, որ 2021 թ. «Ավրորա» մրցանակի միջոցառումները տեղի կունենան Վենետիկում (Իտալիա) 2021 թ. հոկտեմբերի 8-10-ը: Բացի մրցանակի շնորհման արարողությունից, որի ընթացքում հայտնի կդառնա 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը, եւ Aurora Dialogues քննարկումներից, հյուրերն ու մասնակիցները, այդ թվում՝ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամները, «Ավրորայի» հերոսներն ու «Ավրորա» համայնքի այլ ներկայացուցիչներ, լայն հնարավորություն կունենան ուսումնասիրելու տեղի հայկական հարուստ ժառանգությունը: 
 
2021 թ. «Ավրորայի» միջոցառումները կանցկացվեն Վենետիկում, այդպիսով «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունն առաջին անգամ տեղի կունենա Եվրոպայում, ինչն էլ կընդգծի սերտ կապը համաշխարհային կարեւորության մշակութային այս կենտրոնի եւ «Ավրորայի» գաղափարի միջեւ, որը խորապես արտահայտում է հարգանքը մարդկային կյանքի հանդեպ, ինչի կրողն է յուրաքանչյուր հայ եւ «Ավրորա» համաշխարհային շարժման յուրաքանչյուր անդամ: Սա կլինի նաեւ «Ավրորա» մրցանակի շնորհման առաջին ոչ առցանց արարողությունը կորոնավիրուսի համավարակի բռնկումից հետո: 
 
2020 թ. հոկտեմբերի 19-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը նշում էր իր հնգամյակը՝ Նյու Յորք քաղաքում անցկացնելով առցանց միջոցառում, որը նվիրված էր «Ավրորայի» առանցքային գաղափարին՝ «Երախտագիտությունն՝ ի գործ»: Նյու Յորքի հանրային գրադարանից ուղիղ հեռարձակվող միջոցառման հատուկ հյուրն էր «Ավրորայի» համահիմնադիր, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը, որը կյանքից հեռացավ 2021 թ. ապրիլին: 
 
«Վենետիկում կայանալիք 2021 թ. «Ավրորա» մրցանակի հիմնական միջոցառումների նպատակն է հնարավորություն ընձեռել մեր հյուրերին առաջին անգամ միասին հավաքվելու այն բանից հետո, երբ ստիպված էինք մեր բոլոր միջոցառումներն անցկացնել առցանց: Անցած մեկուկես տարին ծանր էր յուրաքանչյուրի համար, մենք էլ բազմաթիվ ցավալի կորուստներ ունեցանք: Այդ իսկ պատճառով մենք ոգեւորված ենք այս առիթով, որ հնարավորություն ունենք մեր երախտագիտությունը հայտնելու մեր հիասքանչ համայնքին, Վենետիկում համախմբելու մարդասիրության ոլորտի համաշխարհային դեմքերին, նրանց ծանոթացնելու տեղի հայկական ժառանգությանը եւ հարուստ պատմությանը»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:  
 
Հայկական առաջին համայնքներն այս տարածաշրջանում հաստատվել են դարեր առաջ, եւ նրանց հաջող զարգացման եւ ինտեգրման պատմությունն արտացոլում է ժամանակակից հայ ժողովրդին բնութագրող ամբողջական եւ բարդ ինքնությունը, ինչպես նաեւ նրանց համաշխարհային ազդեցությունը: Կարեւոր չէ, թե որտեղ են ծնվել նրանք՝ Երեւանում, թե Լոս Անջելեսում, բոլոր հայերը խորապես գիտակցում են բարության, մարդասիրության եւ երախտագիտության կարեւորությունը, որն ամբողջությամբ արտացոլում է «Ավրորայի» գաղափարը: 
 
««Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը վերափոխում է հայկական փորձառությունը համաշխարհային շարժման՝ հենվելով «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի վրա: Շատ ուրախ եմ, որ 2021 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը տեղի կունենա հայկական ժառանգության ամենակարեւոր օջախներից մեկում՝ Վենետիկում, կարեւորելով մեր ներկայությունը Եվրոպայում անցած տարի ԱՄՆ-ում կայացած միջոցառման հաջողությունից հետո: «Ավրորան» շարունակում է հաջողությամբ առաջ տանել մարդասիրական մոտեցումները, եւ մենք անհամբեր սպասում ենք «Ավրորա» համայնքի ներկայացուցիչների հետ փառաբանելու մերօրյա հերոսներին ու արժանին մատուցելու նրանց՝ կատարած աշխատանքի համար»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը: 
 
Միեւնույն ժամանակ շարունակվում է 2022 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի համար առաջադրումների փուլը: Մինչեւ 2021 թ. հոկտեմբերի 31-ը յուրաքանչյուր ոք կարող է առաջադրել թեկնածուներ, որոնք, ըստ նրանց, հաղթահարել են լուրջ մարտահրավերներ ուրիշներին օգնելու համար: 
 
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին
 
«Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» հիմնադրամը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Նախաձեռնությունն ունի հայկական պատմական արմատներ, քանի որ այն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտելով վերափոխել այս փորձառությունը համաշխարհային շարժման: 
 
«Ավրորայի» ողջ գործունեությունը խարսխված է համամարդկային՝ «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի վրա: Սա նշանակում է, որ աշխարհում անհամար մարդիկ, որոնք օգնություն են ստացել ճգնաժամի պահին, իրենց երախտագիտությունը լավագույնս կարող են արտահայտել՝ նույնպիսի աջակցություն տրամադրելով մեկ ուրիշի: Ներգրավելով «Ավրորայի» աջակիցներին աշխարհով մեկ` նախաձեռնությունը կվերածվի  համաշխարհային  շարժման եւ «ձնագնդի» ազդեցությամբ կընդլայնի  փրկողների  շրջանակը, եւ ամենակարեւորը՝ կմեծանա փրկվածների թիվը:
 
Դիմագրավելով մարդասիրական հրատապ մարտահրավերներին՝ նախաձեռնությունը երկրորդ հնարավորություն է ընձեռում նրանց, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը: Հավատարիմ իր տեսլականին. «Մենք հավատում ենք, որ պատմության ամենադժվարին պահերին անգամ լուսավոր ապագան այն մարդկանց ձեռքերում է, որոնք օգնում են եւ հույս պարգեւում այլոց»՝ «Ավրորան» ողջունում է բոլոր նրանց, ովքեր ընդունում են այս գաղափարախոսությունը:  
 
Այս ութամյա հանձնառության (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝ 1915-1923թթ.) նպատակն է խթանել գործողությունների վրա հիմնված բարեգործությանը, որը կբերի շոշափելի արդյունքի: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի միջոցով՝ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակ, «Ավրորան՝ Արցախին» մարդասիրական ծրագիր, #AraratChallenge շարժում, Aurora Dialogues քննարկումներ, «Ավրորա» դրամաշնորհներ, «Ավրորա» համայնք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ եւ 100 LIVES նախաձեռնություն:
 
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը բարերարներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են հազարավոր աջակիցներ եւ գործընկերներ: Նախաձեռնության նախագահ բժիշկ Թոմ Քաթինան` որպես վիրաբույժ, մարդասեր եւ 2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, մարդասիրական գործունեության իր փորձառությամբ աշխարհում տարածում է «Ավրորայի»՝ «Երախտագիտությունն` ի գործ» ուղերձը եւ համախմբում բոլորին համընդհանուր մարդկայնության շուրջ: 
 
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացնում են երեք կազմակերպություններ՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնեւ, Շվեյցարիա) եւ «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամ (Երեւան, Հայաստան):
 
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի մասին
 
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաքելությունն է ճանաչման արժանացնել եւ աջակցել նրանց, ովքեր վտանգի են ենթարկում սեփական կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որպեսզի փրկեն այն մարդկանց կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որոնք տառապում են հակամարտությունների, մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների կամ մարդու իրավունքների այլ լուրջ խախտումների հետեւանքով։ «Ավրորա» մրցանակի դափնեկիրն ընտրվում է՝ ըստ ցուցաբերած խիզախության, նվիրումի եւ ունեցած ազդեցության: 
 
Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին ամեն տարի 2015-2023 թթ. (ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝ 1915-1923 թթ.) շնորհվում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ, որն էլ բացառիկ հնարավորություն է ընձեռում նրան շարունակելու նվիրատվության շղթան եւ աջակցելու իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։
 
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր եւ Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշները, մարդու իրավունքների ակտիվիստ եւ The Sentry նախաձեռնության համահիմնադիր Ջոն Փրենդերգասթը, Unilever ընկերության նախկին գլխավոր գործադիր տնօրեն եւ IMAGINE կազմակերպության համահիմնադիր նախագահ Փոլ Փոլմանը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը (1934-2021):  Հանձնաժողովը նախագահում է Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին:
 
Պատվավոր համանախագահներն են խաղաղության եւ մարդու իրավունքների հայտնի ակտիվիստ Բենջամին Ֆերենցը եւ օսկարակիր դերասան, մարդասեր Ջորջ Քլունին։ Ընտրող հանձնաժողովի պատվավոր անդամներն են Կոստա Ռիկայի նախկին նախագահ եւ Նոբելյան դափնեկիր  Օսկար Արյասը, Մարիինյան թատրոնի գեղարվեստական եւ գլխավոր տնօրեն, Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիեւը, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը:
Մենք հարգում ենք Ընտրող հանձնաժողովի առաջին համանախագահ, Մարդասիրության «Էլի Վիզել» հիմնադրամի նախագահ, Նոբելյան դափնեկիր Էլի Վիզելի (1928-2016 թթ.) հիշատակը:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն

Նոյյան Տապան. հյուրն է Թերեզա Ասատրյանը
26-10-2021 10:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Թերեզա Ասատրյանը

Նոյյան Տապան. «Հատուկ կարծիք» հաղորդաշարը՝ Արմեն Այվազյանի հետ
26-10-2021 11:30 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. «Հատուկ կարծիք» հաղորդաշարը՝ Արմեն Այվազյանի հետ

Նոյյան Տապան. հյուրն է իրավապաշտպան Այսեր Իսայանը
26-10-2021 13:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է իրավապաշտպան Այսեր Իսայանը

Նոյյան Տապան. «Փրկության ուղի» հաղորդաշարը
26-10-2021 14:30 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. «Փրկության ուղի» հաղորդաշարը