ՊԵԿ ուսումնական կենտրոնում Հայրենիքի պաշտպանների համար կազմակերպվել են դասընթացներ


ՊԵԿ ուսումնական կենտրոնում Հայրենիքի պաշտպանների համար կազմակերպվել են դասընթացներ

  • 19-07-2021 14:40:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում Հայրենիքի պաշտպանների համար մեկնարկել են դասընթացներ:
 
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՊԵԿ-ից, դեռևս ապրիլին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն այցի ժամանակ, պայմանավորվածություն է ձեռք բերվել զինվորների համար անվճար դասընթացներ կազմակերպել՝ հետագայում ՊԵԿ-ում աշխատելու հեռանկարով: Իսկ մայիսին արդեն համագործակցության հուշագիր է կնքվել՝ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ-ի միջև: 
 
Երկու կառույցների գործակցությամբ Հայրենիքի պաշտպանների սոցիալական ինտեգրման և զբաղվածության հարցերի լուծման ուղղված ևս մեկ կարևոր նախաձեռնություն կյանքի կոչվեց: Պետական եկամուտների կոմիտեում աշխատելու նպատակով շուրջ մեկ ամիս տևողությամբ ուսումնական կուրսի ընթացքում տղաները ձեռք կբերեն անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ՝ հարկային, մաքսային օրենսդրության և ընթացակարգերի վերաբերյալ:  
ՊԵԿ ուսումնական կենտրոնը Հայրենիքի պաշտպանների համար ընդլայնել է նաև կրթական ծրագրերի ուղղվածությունը, ներառելով նաև հաշվապահական հաշվառում՝ գործարարների մոտ աշխատելու հնարավորությամբ: Մեկ ամսվա ընթացքում դասընթացի մասնակիցներին կմատուցվի գիտելքիների հիմնական շտեմարանը, որը լիարժեք կբավարարի բիզնես ոլորտում հաշվապահ աշխատելու համար: 
 
  Հենաշարժողական դժվարություն ունեցող տղաների համար դասընթացները կազմակերպվում են առցանց:
Երեք ուղղությամբ անցկացվող ուսումնական ծրագրի ավարտին մասնակիցները կստանան հավաստագրեր:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն