ANSEF 2021 թ. մրցանակակիրները Բյուրականի աստղադիտարանում


ANSEF 2021 թ. մրցանակակիրները Բյուրականի աստղադիտարանում

  • 22-07-2021 15:39:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Այսօր Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ) հյուրընկալեց Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) մրցանակակիրներին։ Հանդիպումը նվիրված էր միջճյուղային և բազմաճյուղային գիտությունների ու հնարավոր համագործակցությունների քննարկմանը, ինչպես նաև նպատակ էր հետապնդում ՀՀ ակտիվ գիտնակաների կապի ստեղծման:
 
Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը և ANSEF-ի Գործադիր խորհրդի անդամ Աննա Օհանյանը (ԱՄՆ), ովքեր կարևորեցին գիտության զարգացումը Հայաստանում և ANSEF-ի աջակցությունն այդ գործում։ Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան լսելու ՀՕՖ-ի փոխտնօրեն, ՀՕՖ-ի գիտակրթական ծրագրերի ղեկավար, ANSEF-ի խորհրդի անդամ Էդուարդ Կարապետյանի զեկուցումը, ունկնդրելու դասախոսություն ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանի կողմից «Աստղագիտությունը միջճյուղային և բազմաճյուղային գիտությունների քառուղիներում» թեմայով։ Հյուրերը նաև շրջեցին ԲԱ տարածքով՝ այցելելով Վ․ Համբարձումյանի տուն-թանգարան, Շմիդտի համակարգի 1 մետրանոց հայելու տրամագծով աստղադիտակ և 2,6 մետր հայելու տրամագծով աստղադիտակ։
 
Նշենք, որ այս տարի Երվանդ Թերզյանի ANSEF մրցանակի արժանացած աշխատանքներից 3-ն աստղագիտական էին, ղեկավարներ՝ ԲԱ տնօրեն և առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյան, ԲԱ երիտասարդ գիտաշխատող Նաիրա Ազատյան և ԻԿՐԱՆԵՏ կենտրոնի տեսական աստղաֆիզիկայի խմբի ղեկավար Սարգիս Գասպարյան։
 
Մելինե Ասրյան
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն