Հայաստանում սպասվում են աննախադեպ մեծ ծավալի ՏԻՄ ընտրություններ. ԿԸՀ-ն փոխեց նախօրոք նշանակված օրը


Հայաստանում սպասվում են աննախադեպ մեծ ծավալի ՏԻՄ ընտրություններ. ԿԸՀ-ն փոխեց նախօրոք նշանակված օրը

  • 22-07-2021 19:49:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Առաջիկա հոկտեմբերի 17-ին եւ նոյեմբերի 14-ին Հայաստանում տեղի կունենան աննախադեպ մեծ ծավալի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, հայտնում է Հայկական ժամանակը
 
Խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր 7 կողմ ձայնով որոշել է փոփոխության ենթարկել իր որոշումներից մեկը, համաձայն որի՝ վերը նշված օրերի փոխարեն ընտրություններ էին նշանակվել 2021 թվականի սեպտեմբերի 26-ին եւ հոկտեմբերի 17-ին:
 
«2020 թվականի սեպտեմբերի 23-ին ԿԸՀ-ն սահմանել էր 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրեր: Եվ, իհարկե, այդ ժամանակ ԿԸՀ-ն չէր կարող կանխատեսել, որ 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական արտահերթ ընտրություններ, որը փոխել է մի քանի հանգամանք: ԿԸՀ-ին առաջարկվում է որոշման նախագիծ՝ վերանայել սեպտեմբերի 26-ին եւ հոկտեմբերի 17-ին նշանակված ՏԻՄ ընտրությունների օրերը, մասնավորապես՝ տեղափոխել սեպտեմբերի 26-ի ընտրության օրը: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ունենք նորընտիր ԱԺ, որտեղ առնվազն 2 խմբակցություն նոր է, որոնք ունեն պարտավորություն եւ իրավունք նշանակելու տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ: Եվ կարծում եմ՝ ԿԸՀ-ն պարտավոր է նրանց համար կազմակերպել լիցենզավորման դասընթացներ, եւ այնպիսի ժամկետներ պետք է լինեն, որ խմբակցությունները կարողանան հայտեր ներկայացնել ԿԸՀ, ԿԸՀ-ն-ն կարողանա կազմակերպել դասընթացներ, ամփոփի դրանք»,- ԿԸՀ նիստում այսօր հայտարարեց հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը:
 
Ըստ նրա՝ վերեւում իր նկարագրածը միակ խնդիրը չէ: «Կազմակերպչական բնույթի այլ խնդիրներ եւս պետք է լուծի ԿԸՀ-ն, որ պատշաճ կազմակերպի ՏԻՄ ընտրությունները, որոնք, ըստ էության, ամենամեծ ՏԻՄ ընտրություններն են, որ երբեւէ տեղի ունենում են, սա մեծ փուլն է»,- հավելեց նա:
 
Որոշման նախագիծը, ըստ որի՝ առաջարկվում է 2021 թվականի սեպտեմբերի 26 եւ հոկտեմբերի 17 բառերը փոխել 2021 թվականի հոկտեմբերի 17 եւ նոյեմբերի 14 բառերով, ընդունվեց միաձայն:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը