Մեծ սխալ է չհստակեցնելը, թե որն է ագրեսոր կողմը


Մեծ սխալ է չհստակեցնելը, թե որն է ագրեսոր կողմը

  • 23-07-2021 10:33:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը կրկին անդրադարձել է անցած տարի Արցախում հայերի դեմ Ադրբեջանի իրականացրած հարձակումների ժամանակ Թուրքիայի ցուցաբերած ռազմական աջակցությանը, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար Սիրիայից զինյալների ներգրավմանը: Այդ հարցը նա բարձրացրել է նախօրեին կայացած հանձնաժողովի նիստի ժամանակ, որի օրակարգում Թուրքիայի նկատմամբ Միացյալ Նահանգների քաղաքականության հարցն էր։
 
Սենատոր Մենենդեսն անընդունելի է համարել, որ ԱՄՆ նախորդ վարչակազմի կողմից այդ գործողություններին չեն հետեւել պատժամիջոցների կիրառումը, նաեւ միջազգային հանրության հատուկ արձագանքն ու համապատասխան պատժամիջոցները: «Ես այս վարչակազմից ավելին եմ ակնկալում, քան նախորդից եւ անհամբեր եմ՝ հասկանալու համար, թե ինչպես է դեպարտամենտը գնահատում Թուրքիայի դերը նախորդ տարվա պատերազմում, եւ ինչ գործողություններ կարող են ձեռնարկվել ի պատասխան»,- ասել է նա: Հանձնաժողովի նիստում զեկույցով հանդես եկող պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը նշել է, որ Թուրքիայի վրա ճնշում է գործադրվում, որպեսզի վերջինս չմտնի տարածաշրջանի երկարաժամկետ կայունությանը սպառնացող հակամարտությունների մեջ:
 
Նրա խոսքով՝ հակամարտության մեջ երրորդ կողմերի, այդ թվում՝ Թուրքիայի ունեցած դերը սրել է տարածաշրջանային լարվածությունը. «Մենք պնդում էինք, որ Թուրքիան պահանջի, որ Բաքուն անհապաղ ազատ արձակի բոլոր ձերբակալվածներին, սատարի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հրադադարը եւ կողմերին օգնի հակամարտության կայուն երկարաժամկետ քաղաքական կարգավորման հարցում»: Արցախում հայերի դեմ կռվելու համար Թուրքիայի կողմից վարձկանների հավաքագրման վերաբերյալ Մենենդեսի դիտարկմանը Նուլանդը հրաժարվել է որեւէ մեկնաբանություն տալ՝ նշելով, որ թեման պետք է քննարկել մասնավոր միջավայրում:
 
Դրան ի պատասխան՝ Մենենդեսը շեշտել է, որ անհամբերությամբ կսպասի պետքարտուղարության արձագանքին՝ իմանալու համար՝ արդյոք ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են անցած ամռանը պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից օգտագործված թուրքական անօդաչուներ, որոնք պարունակել են ամերիկյան բաղադրիչ մասեր, ինչը սենատորը միանգամայն անընդունելի է համարել։ Մենենդեսն իր ելույթում շատ կարեւոր շեշտադրում է կատարել, որ մեծ սխալ են գործում, երբ որոշակի գործողությունների դեպքում չի հստակեցվում, թե որն է ագրեսոր կողմը։ Այս հանգամանքն իրապես էական ազդեցություն կարող էր ունենալ հակամարտության ամբողջ ընթացքում, քանի որ թե միջազգային հանրության, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից հնչող հայտարարություններում չէր մատնանշվում, թե ի վերջո որ կողմն է նախահարձակ եղել, խախտել հրադադարի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունները եւ այլն։
 
Թերեւս եթե այս տարիների ընթացքում Ադրբեջանի ագրեսիվ եւ ապակառուցողական վարքագիծը արժանանար հստակ եւ համարժեք վերաբերմունքի, ապա այսօր Ադրբեջանի իշխանությունները չէին կարողանա թաքնվել կեղծ խաղաղասերի դիմակի տակ։ Մշտապես երկու կողմերին ուղղված կոչերն ու հորդորները անարդարության եւ անհավասարության մթնոլորտ էին ստեղծում, որից տուժել է եւ այսօր էլ տուժում է հայ ժողովուրդը՝ ի դեմս արցախցիների։ Նշենք, որ հայերի դեմ Թուրքիայի «չարամիտ գործողությունները» քննադատել է նաեւ սենատոր Քրիս Վան Հոլլենը։ Վերջինս հիշեցրել է Սիրիայում Թուրքիայի գործողությունները՝ ընդգծելով, որ Անկարան չորս տարի շարունակ նվազեցրել է ԴԱԻՇ-ի դերը, ինչը հնարավորություն է ստեղծել ահաբեկչական կազմակերպության զինյալներին անցնել Թուրքիայով դեպի այլ երկրներ:
 
Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնում Քերըն Դոնֆրայդի թեկնածությունը հաստատելու լսումների ժամանակ Մենենդեսը մտահոգություն է հայտնել նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումից հրաժարվելու որոշման առնչությամբ: Այս ակտով արգելվում է ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, թեեւ ԱՄՆ նախագահը լիազորված է շրջանցել օրենքը եւ ցուցաբերել աջակցությունը։ Ինչպես հաղորդում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, սենատորը նշել է, որ սահմանային վեճի արդյունքում այժմ Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի սուվերեն տարածք՝ կարծիք հայտնելով, որ ադրբեջանցիները կշարունակեն իրենց ագրեսիվ վարքագիծն այնքան ժամանակ, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել, որ դա անընդունելի է:
 
Այդ դիտարկմանն ի պատասխան՝ Դոնֆրայդը հայտարարել է, որ եթե այդ տեղեկությունը հաստատվի, ապա տվյալ հարցով պատրաստ է սերտորեն համագործակցել ինչպես Մենենդեսի, այնպես էլ՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ: «Խիստ անհրաժեշտ է վստահ լինել, որ ցանկացած աջակցություն, որ մենք տրամադրում ենք Ադրբեջանին, որեւէ կերպ չի խաթարում ուժերի հավասարակշռությունը, եւ որ մենք հանձնառու ենք Լեռնային Ղարաբաղի կարգավորմանը»,- ասել է նա: Հիշեցնենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտը դեռեւս ապրիլին հրապարակել էր «2020 թ. մարդու իրավունքների պաշտպանության զեկույցը», որտեղ Հայաստանին վերաբերող բաժնում անդրադարձել էր նաեւ անցած տարվա իրադարձություններին։
 
Մասնավորապես արցախյան 44-օրյա պատերազմի վերաբերյալ հատվածում նշված էր, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ կարողացել է իր վերահսկողությունը վերականգնել 4 շրջանների նկատմամբ, իսկ նոյեմբերի 9-ին կնքված հրադադարից հետո խաղաղ ճանապարհով Ադրբեջանին են անցել երեք լրացուցիչ տարածքներ։ Սրանով փաստացի ԱՄՆ պետդեպարտամենտը հաստատել է պատերազմին Թուրքիայի մասնակցությունն ու աջակցությունը Ադրբեջանին, թեեւ չի հստակեցվում, թե ինչ բնույթի մասնակցության եւ աջակցության մասին է խոսքը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը