Ինչ պարտավորություններ է ստանձնել Հայաստանը. պարզաբանում է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը


Ինչ պարտավորություններ է ստանձնել Հայաստանը. պարզաբանում է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը

  • 23-07-2021 11:15:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Կառավարության երեկվա նիստում, չզեկուցվող հարցերի շարքում, հավանություն տրվեց «Հայաստանի եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ 2021 թ. մայիսի 12-ին եւ հունիսի 24-ին ստորագրված «Միջուկային անվտանգության մշակույթի խթանում. Հայաստան (Բաղադրիչ Ա)» 2020/042-470 ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Հաշվի առնելով Հայաստանի միջուկային ոլորտի զարգացումների հետ կապված նրբությունները, մասնավորապես նաեւ այն, թե շատ երկրների ինչպես է բառացիորեն խանգարում ՀՀ-ի՝ ատոմային տերության մաս լինելու եւ հզոր դպրոց ունենալու հանգամանքը, դիմեցինք Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանին՝ ճշտելու, թե հատկապես ինչի մասին է խոսքը։
 
Ինչպես «ՀՀ»-ի հետ զրույցում պարզաբանեց Ա. Մարտիրոսյանը, «1998-ից ԵՄ-ն մեզ աջակցում է, եւ սա հերթական ծրագրերից է»։ Բանն այն է, որ  ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի խնդիրներից է մոտարկել միջուկային եւ ճառագայթային անվտանգության կարգավորման ենթակառուցվածքը ԵՄ դիրեկտիվներին՝ Եվրամիություն-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին (CEPA) համապատասխան։ CEPA-ում ներառվել է նաեւ ՀՀ-ի պարտավորությունը` շարունակելու մոտարկման գործընթացը ԵՄ-ի հետ համագործակցությամբ։  Փորձեցինք հստակ ճշգրտել՝ մեր երկրի ի՞նչ պարտավորությունների մասին է խոսքը։
 
Ըստ կոմիտեի նախագահի՝ «CEPA-ով սահմանված միջոցառումների ժամանակին եւ ամբողջական կատարումն ապահովելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետությունը մշակել է ճանապարհային քարտեզ»։ Եվ միջուկային ու ճառագայթային անվտանգության կարգավորման բնագավառի հետ կապված` նախատեսվում է մոտարկում հետեւյալ ԵՄ դիրեկտիվների հետ. 1. Խորհրդի 2006 թ. նոյեմբերի 20-ի հրահանգը 2006/117/ԵՎՐԱՏՈՄ ռադիոակտիվ թափոնների եւ աշխատած վառելիքի փոխադրման վերահսկման եւ հսկման մասին, 2. Խորհրդի 2014 թ. հուլիսի 8-ի հրահանգը 2014/71/ ԵՎՐԱՏՈՄ ԱԷԿ-ների միջուկային անվտանգության ենթակառուցվածք ստեղծելու մասին, 3. Խորհրդի 2011/70 / ԵՎՐԱՏՈՄ 2011 թ. հուլիսի 19-ի հրահանգը աշխատած վառելիքի եւ ռադիոակտիվ թափոնների պատասխանատու եւ անվտանգ կառավարման ենթակառուցվածք ստեղծելու մասին, 4. Խորհրդի 2013 թ. հոկտեմբերի 22-ի 2013/51/ԵՎՐԱՏՈՄ-ի հրահանգը, որով սահմանվում են բնակչության առողջության պաշտպանության պահանջները՝ կապված մարդկանց սպառման համար նախատեսված՝ ջրում ռադիոակտիվ նյութերի հետ, 5. Խորհրդի 2013 թ. դեկտեմբերի 5-ի 2013/59/ԵՎՐԱՏՈՄ-ի հրահանգը իոնացնող ճառագայթման ազդեցության արդյունքում առաջացող վտանգներից պաշտպանվելու համար անվտանգության հիմնական չափորոշիչների վերաբերյալ:
 
Աշոտ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ կոմիտեն արդեն նախաձեռնել է նոր ատոմային օրենքի նախագծի մշակումը՝ հաշվի առնելով ԵՄ համապատասխան դիրեկտիվները, WENRA-ի (Արեւմտյան Եվրոպայի միջուկային անվտանգության կարգավորման մարմինների ասոցիացիայի անգլերեն հապավումը,-Ա.Մ.) անվտանգության չափանիշները եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության պահանջները։ Վերջինիս կատարումը նշված է նաեւ որպես առաջարկ ԱԷՄԳ-ի կարգավորող մարմինների գործունեության դիտարկման ստուգողական առաքելության 2015 թ. հաշվետվությունում։ «Եվ  նշված ֆինանսավորման համաձայնագրի ստորագրումը նպատակահարմար է, որովհետեւ ծրագրի իրականացումը հնարավորություն կտա Հայաստանին ստեղծել միջուկային եւ ճառագայթային անվտանգության կարգավորման ենթակառուցվածք եւ իրավական դաշտ, որոնք համապատասխանում են ԵՄ դիրեկտիվներին, ինչպեսեւ հնարավորինս բավարարում են WENRA- ի անվտանգության չափանիշներին»,- ասաց Ա. Մարտիրոսյանը։
 
Հավելենք, որ նոր կարգավորող փաստաթղթերի մշակումից զատ նախատեսվում է ուսումնասիրել այլ՝ հիմնականում ՋՋԷՌ տիպի ռեակտորներ շահագործող պետությունների փորձը՝ կապված ԵՄ հրահանգներին ներդաշնակեցման, «Միջուկային անվտանգության մասին» կոնվենցիայի հետ կապված Վիեննայի հայտարարագրի եւ WENRA- ի անվտանգության չափանիշների ներդրման հետ։ Կգնահատվի նաեւ Հայաստանի միջուկային անվտանգության եւ ճառագայթահարման պաշտպանության ենթակառուցվածքի եւ գործունեության համապատասխանությունը ԵՄ դիրեկտիվներին։ Նախատեսվում է վերանայել նաեւ ճառագայթահարման պաշտպանության կարգավորող փաստաթղթերը։ Հիմա գանք այս համապատկերում մեզ հուզող ամենակարեւոր հարցի ենթատեքստին՝ նոր ԱԷԿ-ի կառուցման հետ կապված։
 
Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանի պարզաբանումը հետեւյալն է. «Հաշվի առնելով ՀՀ պլանները նոր ԱԷԿ կառուցելու վերաբերյալ՝ այս ծրագրի շրջանակներում պետք է որոշվի, թե արդյոք պետք է հաշվի առնել WENRA անվտանգության նպատակների կիրառումը նոր ռեակտորների համար, թե՞ ոչ: WENRA-ի անվտանգության նպատակների ներդնումը, որոնք հետագայում պետք է կիրառվեն միայն նոր ԱԷԿ-երի հետ կապված, հնարավորություն կտա Հայաստանի կարգավորող մարմնին նախապատրաստվել եւ իրականացնել նոր ԱԷԿ-ի լիցենզավորումը` ըստ սահմանված ժամանակակից մոտեցումների եւ ժամկետների»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը