ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի ուղերձը 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկի կապակցությամբ


ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի ուղերձը 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկի կապակցությամբ

  • 23-07-2021 11:29:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Սիրելի՛ մարզիկներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ,
 
Շնորհավորում եմ բոլորիս 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկի կապակցությամբ: Մարզաշխարհի այդ կարևորագույն իրադարձությանը պատրաստվում էինք դեռևս անցյալ տարի, սակայն համավարակը, ի թիվս այլ իրադարձությունների, կանխեց այս միջոցառումը ևս:
 
Վերջին մեկ տարում մեզ պատուհասած համավարակն ու պատերազմը, ավելի քան երբևէ, մղում են մեզ միասնականության ու նոր հաղթանակների կերտման:
 
Սիրելի՛ մարզիկներ, դուք ուժեղագույնն եք, դուք հաղթական ոգու կրողներն եք: Թող մրցահարթակում ձեզ չկաշկանդի հաղթանակի պարտադրանքը, թող ձեր մրցելույթները լինեն մարզաձևին բնորոշ գեղեցկությամբ և մարզիկներին հատուկ ներքին ազատությամբ. սրանք են դեպի հաղթանակ տանող ճանապարհները:
 
Մեր 17 մարզիկներից ոմանք առաջին անգամ են մասնակցում Օլիմպիական խաղերին, իսկ ոմանք փորձառու են. երկու դեպքում էլ թող հաստատակամությունն ու վճռականությունն ուղեկցեն ձեզ դեպի օլիմպիական բարձունք:  
 
Մեկ անգամ չէ, որ հայկական դրոշը ծածանվել է՝ ի պատիվ հաղթանակի, մեկ անգամ չէ, որ մեր մարզիկների անունները հնչել են որպես հաղթանակածի. վստահ եմ՝ 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը՝ որպես մարզաշխարհում հաղթանակների նվաճման գագաթ, Հայաստանի Հանրապետության դրոշը հպարտորեն բարձրացնելու, օրհներգը հնչեցնելու ևս մեկ առիթ է:
 
Մեր մարզիկներին մաղթում եմ ոգու ամրություն, գեղեցիկ ելույթներ և օլիմպիական բարձունքի նվաճում. ձեր հաղթանակը Հայաստանի Հանրապետության հաղթանակն է:
 
ՀՀ ԿԳՄՍՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն