Գագիկ Ծառուկյանը հաջողություն է մաղթել այսօրվանից օլիմպիական մրցապայքարի մեջ մտնող 17 մեր մարզիկներին


Գագիկ Ծառուկյանը հաջողություն է մաղթել այսօրվանից օլիմպիական մրցապայքարի մեջ մտնող 17 մեր մարզիկներին

  • 23-07-2021 12:10:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվելու են 32 –րդ ամառային օլիմպիական խաղերը: Մարզաշխարհի այս կարևորագույն ստուգատեսին մասնակցելու են մեր ուժեղագույն 17 մարզիկներ:
 
Այս մասին ասված է Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում:
 
Նշվում է, որ յուրաքանյուր մարզիկի երազանքն է նվաճել օլիմպիական ոսկին, բայց որ ամենակարևորն է՝ պատվո հարթակին ծածանել իր երկրի դրոշը:
 
«Հավատում եմ, որ մեր մարզիկների շնորհիվ Տոկիոյում ոչ միայն ծածանվելու է հայոց եռագույնը, այլ նաև հնչելու է մեր ազգային օրհներգը:
 
Սիրելի՛ օլիմպիականներ,
 
Այսօր ձեր առջև նոր, դժվարին խնդիր է ծառացած. հաջող մրցելույթներ ունենալ Տոկիոյում մեկնարկող ամառային 32 –րդ օլիմպիական խաղերում: Ներքուստ համոզված եմ , որ դուք պատվով կկատարեք հաջող մասնակցություն ունենալու առաջադրանքը: Այդպես մտածելու հիմք է հանդիսանում ձեր անցած մարզական ճանապարհը: Այն հեշտ ու հանգիստ չի եղել, ձեզ բաժին են հասել դժվարին մարտահրավերներ: Նախորդ տարի մոլեգնած համավարակի ու մեր երկրում ստեղծված պատերազմական իրավիճակով պայմանավորված հայոց մարզաշխարհը դժվարին շրջափուլ է անցել: Դժվարություններն այլևս անցյալում են և հիմա հերթն արդեն հաղթանակներինն է: Այսօր, առավել քան երբևէ, մեր ազգին անհրաժեշտ են հաղթանակներ:
 
Աշխարհասփյուռ հայությունը ձեզ հետ է:
 
Վերադարձե՛ք հաղթանակած:
 
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»,-գրել է Ծառուկյանը:
 
Հիշեցնենք, օլիմպիական խաղերը մեկնարկում են այսօրվանից: Այս անգամ խաղերը կանցկացվեն Ճապոնիայում. մարզական համաշխարհային իրադարձությանը երկրում պատրաստվել են դեռ նախորդ տարվանից, սակայն այն 2020-ին չկայացավ՝ կորոնավիրուսի հավարակի պատճառով:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը