ԼՂ մի շարք շրջաններ, որոնք բռնագրավվել են ուժի կիրառման արդյունքում, էթնիկ զտման են ենթարկվել. Արմեն Գրիգորյանը՝ ՄԱԿ-ում


ԼՂ մի շարք շրջաններ, որոնք բռնագրավվել են ուժի կիրառման արդյունքում, էթնիկ զտման են ենթարկվել. Արմեն Գրիգորյանը՝ ՄԱԿ-ում

  • 23-07-2021 12:34:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Կորոնավիրուսի համավարակը միակ մարտահրավերը չէր, որին մեր տարածաշրջանը պետք է բախվեր վերջին մեկ տարվա ընթացքում: Այս մասին ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո անցկացվող Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի ժամանակ իր ելույթում նշել է ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը:
 
«Անտեսելով համավարակի ընթացքում համաշխարհային զինադադարի վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը և դրան հաջորդած՝ Անվտանգության խորհրդի 2532 բանաձևը անցյալ աշնանը Ադրբեջանը, Թուրքիայի և Սիրիայի ու Լիբիայի զինյալ ահաբեկիչների անմիջական աջակցությամբ և մասնակցությամբ, լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ հանգեցնելով հազարավոր զոհերի, տասնյակ հազարավոր վիրավորների, տեղահանվածների՝ պատճառելով նյութական կորուստներ և վնասելով ենթակառուցվածքները: Լեռնային Ղարաբաղի մի շարք շրջաններ, որոնք բռնագրավվել են ուժի կիրառման արդյունքում, էթնիկ զտման են ընթարկվել, իսկ բնակչությունը դարձել է ռազմական հանցագործությունների և զանգվածային վայրագությունների զոհ:
 
Ադրբեջանը ուժ գործադրեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճնշելու համար` խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, որը, ի թիվս այլոց, հստակ սահմանում է, որ բոլոր միջազգային վեճերը պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով:
 
Հարձակման 44 օրվա ընթացքում ադրբեջանական բանակը թույլ է տվել միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ, այդ թվում` միջազգային մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքների, միտումնավոր և համակարգված թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները, մասնավորապես` դպրոցները, հիվանդանոցները, ծննդատները, կապի միջոցները, ինչպես նաև վանդալիզմի ենթարկել և ոչնչացնել հայկական մշակութային ու կրոնական ժառանգությունը: Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է իր ոտնձգությունները հրաժարվելով վերադարձնել գերության մեջ գտնվող հայ ռազմագերիներին, տարածքային պահանջներ ներկայացնելով և փորձելով զավթել ՀՀ ինքնիշխան տարածքները և արգելափակել միջազգային մարդասիրական ջանքերի մուտքը Արցախ:
 
Այս սադրանքները պետք է արժանանան միջազգային հանրության պատշաճ արձագանքին: Մարդասիրական առաքելությունների, և հատկապես ՄԱԿ-ի՝ Լեռնային Ղարաբաղ մուտքը պետք է արագ և անվերապահ կերպով ապահովվի:
 
Անհրաժեշտ են հավելյալ միջազգային ջանքեր` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը խթանելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական լուծման շուրջ քննարկումները շարունակելու համար», ասել է Արմեն Գրիգորյանը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը