1000 խոշոր հարկատուները տարվա առաջին կեսին ավելի քան 584 մլրդ 440 մլն դրամի գումար են վճարել պետբյուջե


1000 խոշոր հարկատուները տարվա առաջին կեսին ավելի քան 584 մլրդ 440 մլն դրամի գումար են վճարել պետբյուջե

  • 23-07-2021 19:16:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2021թ. հունվար-հունիս ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված գումարների վերաբերյալ ցանկը:  
 
Այսպիսով` 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021թ. երկրորդ եռամսյակում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 584 մլրդ 440 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 494 մլրդ 334 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան  90 մլրդ 105 մլն դրամ։
 
1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում:
 
Հիշեցնենք, որ հարկերի մեծության հաշվարկն իրականացվել է նոր մեթոդաբանությամբ` ՀՀ կառավարության 24.12.2020թ. N2157-Ն որոշման համաձայն:
 
ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N783-Ն որոշման մեջ 2020թ. դեկտեմբերին կատարված փոփոխությամբ` վճարված հարկերի մեծության որոշման համար հիմք է ընդունվում հարկատեսակի գծով հարկ վճարողների կողմից հարկային տարվա սկզբից միասնական հաշվից վճարված (մարված) մեծությունը՝ հաշվի առնելով (նվազեցնելով) միասնական հաշվին վերադարձված գումարները և (կամ) մաքսային մարմնի կողմից հավաքագրված գումարների մեծությունը: Մինչդեռ նախկինում պետական բյուջեի եկամուտներ էին համարվում առանձին հարկատեսակների գծով գործող հաշվեհամարներին  կատարված հարկային վճարումները և մուտքագրված գումարները: Ընդ որում, նոր ցանկերում ներառվում են բոլոր տնտեսվարողները` անկախ կազմակերպաիրավական ձևից:
 
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ տվյալների համադրելիությունը ապահովելու նպատակով ՊԵԿ-ը նոր մեթոդաբանությամբ հրապարակել է նաև 2020թ. երկրորդ եռամսյակին վերաբերող ցուցանիշները:
 
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն