Ֆրանսիան ձեռք է մեկնում. Դեսպանի անսպասելի առաջարկը պաշտպանության ոլորտում


Ֆրանսիան ձեռք է մեկնում. Դեսպանի անսպասելի առաջարկը պաշտպանության ոլորտում

  • 23-07-2021 19:39:27   | Ֆրանսիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Lragir.am-ը գրում է. «Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղի  հարցում Բաքվի ու Մոսկվայի դիրքորոշումները  համընկնում են: «Մենք քննարկել ենք հետպատերազմյան իրավիճակը տարածաշրջանում, ներառյալ Զանգեզուրի միջանցքը և հետկոնֆլիկտային շրջանը: Մենք մոտեցումների հարցում տարաձայնություններ չունենք: Մենք՝ Ռուսաստանը և Ադրբեջանը, կարծում ենք, որ պատերազմն ավարտվել է, հակամարտությունն ավարտվել է», – ասել է Ալիևը։
 
Հայաստանը հայտարարում է, որ հակամարտությունը չի լուծվել, և միևնույն ժամանակ դուրս չի գալիս եռակողմ ձևաչափից: ԱՄՆ-ը և Ֆրանսիան նույնպես հակամարտությունը չլուծված են համարում:
 
«8 ամիս անց մենք տեսնում ենք, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի լուծում բոլոր խնդիրները: Որոշակի դրույթներ, մասնավորապես գերիների վերադարձի վերաբերյալ, չեն իրականացվում: Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա ոչ մի կետ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին: Այսպիսով, նոյեմբերի 9-ի հայտարարությունը միայն մեկ փուլ է, այժմ անհրաժեշտ է ամրապնդել խաղաղությունը, զինադադարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո քաղաքական գործընթաց սկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև», հայտարարել է  Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը  «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցի ժամանակ:
 
Նրանք, ովքեր դեմ են չարաբաստիկ եռակողմ ձևաչափից Հայաստանի դուրս գալուն, ասում են, որ հակառակ դեպքում պատերազմը կվերսկսվի: Այս մասին զգուշացնում են նաև Ալիևն ու Պուտինը: Ստացվում է՝  Հայաստանը կարող է դուրս գալ այս ձևաչափից, եթե լինեն պատերազմի չվերսկսման և նոր կորուստներ չունենալու երաշխիքներ։
 
Փարիզը, կարծես, ինչ-որ զսպող մեխանիզմներ է առաջարկում: «Ինչ վերաբերում է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությանը, ապա մենք, իհարկե, պատրաստ կլինենք դիտարկել հայկական կողմի բոլոր հայտերը: Իհարկե, պետք է հաշվի առնել իրողությունները. Ֆրանսիան և Հայաստանը նույն ռազմական դաշինքի անդամներ չեն: Բացի այդ, մեր դերը ոչ թե ապագա պատերազմին նախապատրաստվելն է, այլ օգնելը խուսափել նոր հակամարտությունից և աջակցել այն քաղաքական գործընթացին, որը կօգնի լուծում գտնել տարածաշրջանի վիճելի հարցերին»: Նա ասել է, որ Ֆրանսիան կդիտարկի պաշտպանության ոլորտում Հայաստանի հայտը:
 
Սա նշանակում է, որ Ֆրանսիան առաջարկում է մի բան, որը թույլ չի տա վերսկսել հակամարտությունը: Դժվար է ասել, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը: Արդյոք խոսքը ինչ-որ ռազմավարական զենքի մասին է: Ֆրանսիայի դեսպանը նույն հարցազրույցում հայտարարել է էներգետիկայի ոլորտում համագործակցելու Ֆրանսիայի ցանկության մասին: Արդյոք նա ի նկատի ունի միջուկային ոլորտը:
 
Մեկ այլ ոլորտ` արբանյակներ: Հայաստանի օդը պաշտպանված չէ, քանի որ նրա հակաօդային պաշտպանությունը վերահսկվում է Մոսկվայից, իսկ Մոսկվան համաձայն է Բաքվի հետ, որ պատերազմն արդեն լուծել է հակամարտությունը: Հայաստանին պետք է պաշտպանված երկինք: Կարո՞ղ է Ֆրանսիան իր արբանյակների միջոցով Հայաստանին տալ երկնքի պաշտպանության երաշխիքներ:
 
Ֆրանսիայի մեկնած ձեռքը սեղմելուց Երևանի հրաժարվելը կնշանակի, որ Երևանը մտադիր չէ պայքարել հանուն իր ինքնիշխան և ապահով ապագայի»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play