Նիկոլ Փաշինյանը որպես ո՞վ է ստորագրել եռակողմ հայտարարությունը


Նիկոլ Փաշինյանը որպես ո՞վ է ստորագրել եռակողմ հայտարարությունը

  • 24-07-2021 09:54:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
lragir.am. «Ադրբեջանը նպատակ ունի խափանել նոյեմբերի 9-ի և հունվարի 11–ի եռակողմ հայտարարությունների իրագործումը, մասնավորապես, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման և Հայաստանի ապաշրջափակման մասով։ Ակնկալում ենք, որ Ադրբեջանն օր առաջ կկատարի գերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց վերադարձնելու իր ստանձնած գրավոր պարտավորությունը: Հայաստանը վերահաստատում է Սոթք-Խոզնավար հատվածում երկու կողմերի ստորաբաժանումների հայ-ադրբեջանական սահմանագծից հայելային հետքաշման եւ ռուս սահմանապահների կամ միջազգային դիտորդների տեղակայման ճանապարհով ճգնաժամի լուծման առաջարկը, ինչը կարող է անհրաժեշտ պայմաններ ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման ուղղությամբ», ասել է Նիկոլ Փաշինյանը։
 
Վերոգրյալից կարելի է հանգել մի քանի եզրակացության. 1․ Հայաստանի կառավարությունը մինչ այժմ եռակողմ հայտարարությունը համարում է հիմնական փաստաթուղթ, 2․ Կառավարությունը Սոթք-Խոզնավար գիծը, որը նախկինում Հայաստանը կապում էր Արցախի Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների հետ, համարում է Ադրբեջանի հետ նոր սահման, 3. Հայաստանը խոսում է սահմանազատման մասին՝ չհիշեցնելով Արցախի կարգավիճակի հարցը:
 
Կարող ենք արդյոք փաստել, որ Հայաստանը վերջնական է համարում իրողությունները, որոնք առաջացել են ահաբեկչական պատերազմի արդյունքում, և նրա ջանքերն ուղղված են լինելու առկա դասավորությունն օրինականացնելուն: Նիկոլ Փաշինյանի ասածի հիման վրա առաջանում են մի շարք հարցեր.
 
Հայաստանը մտադի՞ր է մասնակցել Արցախի կարգավիճակի քննարկմանը և ինչ դերում:
Ո՞ր սահմաններում է Հայաստանը պատրաստվում քննարկել Արցախի կարգավիճակը, եթե այժմ Երևանը խոսում է Սոթք-Խոզնավար գծով «Ադրբեջանի հետ սահմանի» մասին:
 
Ի՞նչն է Հայաստանը վերցնում որպես ելակետ տարածաշրջանում սահմանների որոշման հարցում. 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրե՞րը, 1921 թ. Կավբյուրոյի որոշո՞ւմը Արցախի վերաբերյալ, 1988 թ. սահմաննե՞րը, 1994 թ. իրողություննե՞րը, թե 2020 թվականի «եռակողմ հայտարարությունը»
Արդյոք Հայաստանի խորհրդարանը նախատեսում է քաղաքական գնահատական տալ 2020-ի պատերազմին. արդյոք դա հարձակում էր Հայաստանի վրա: Եթե ոչ, ապա ինչու՞ է Հայաստանի ղեկավարը զինադադարի պայմանագիր ստորագրել: Եթե այո, դա նշանակու՞մ է, որ Հայաստանը կորցրել է 7,5 հազար քառակուսի կմ տարածք։
 
Արդյոք Երևանը մտադիր է դուրս գալ եռակողմ ձևաչափից և կարգավորման գործընթացին ներգրավել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և ԵԱՀԿ Մինսկի խումբը:
 
Այս հարցերը 9 ամիս շարունակ նրբանկատորեն շրջանցվել են, բայց Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանի, թե որպես ով է ստորագրել եռակողմ հայտարարությունը: Դրանից ելնելով հնարավոր կլինի պարզել Հայաստանի մասնակցության ձևաչափը ապագա կարգավորմանը: Արդյոք Հայաստանը Արցախի վրա հարձակումը համարում է հարձակում Հայաստանի վրա:
 
«Կրկին հայտարարում ենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների աջակցությամբ Ադրբեջանի կողմից զավթված Արցախի Հանրապետության տարածքները՝ Շուշի քաղաքը ներառյալ, միջազգային իրավունքի նորմերի համաձայն ժամանակավորապես օկուպացված տարածքներ են։ Ինչպես տարածքային, այնպես էլ մշակութային, տնտեսական և պատմական առումներով Շուշին Արցախի անքակտելի մասն է։ Այն անջատելու ցանկացած փորձ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության կոպիտ խախտում է», ասված է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ։
 
Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը և Արցախի կողմից միջազգային իրավաբանական սուբյեկտի ձեռքբերումը անփոխարինելի պայմաններ են հակամարտության համապարփակ կարգավորման հասնելու և տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար․ Երևանը համաձա՞յն է այս ձևակերպման հետ: Եվ ինչպե՞ս է դա տեղավորվում եռակողմ հայտարարությունների մեջ, որոնց պաշտպանն է Նիկոլ Փաշինյանը:
 
Մեկնաբան Նաիրա Հայրումյան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը