Ինչու է Ֆրանսիան խորհուրդ տալիս վանել «միջանցքը»


Ինչու է Ֆրանսիան խորհուրդ տալիս վանել «միջանցքը»

  • 24-07-2021 10:49:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
lragir.am. Ազատություն ռադիոյին տված հարցազրույցում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, պատասխանելով «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին, ասել է, որ «պետք է վանել «միջանցք» արտահայտությունը։ «Միջանցքները» շատ վատ հիշողություն են թողել դիվանագիտության պատմության մեջ, ինչպես, օրինակ, Դանցիգի միջանցքը։ Մենք կարծում ենք, որ պետք է աշխատել հունվարի 11-ի եռակողմ հայտարարության հիման վրա, որը ստորագրվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև և որը նախատեսում է տարածաշրջանի երկրների և նրանց հարևանների միջև հաղորդակցության տարածաշրջանային ուղիների վերականգնում», ասել է նա։
 
«Միջանք» եզրն օգտագործում են նաեւ հայ քաղաքական գործիչները, ինչը Բաքվի պարագլխին թույլ է տալիս պնդել, իբր «Զանգեզուրի միջանցքն» արդեն կայացած փաստ է, եւ մնում է այն միայն իրագործել։ Բայց ժամանակի հետ նոր «Դանցինգի միջանցքի» ռուս-թուրքական սխեման ավելի ու ավելի հեռու է թվում։
 
Իրանն, որի սահմանով պետք է անցնի ենթադրյալ ճանապարհը, առաջարկում է այն անցկացնել իր տարածքով, սակայն Բաքուն ձեւացնում է, որ չի լսում Թեհրանին։ Ինչո՞ւ է Բաքուն պնդում, որ ճանապարհն անցնի հենց Հայաստանի տարածքով։ Որորվհետեւ «միջանցքը» չի ենթադրում մաքսային եւ այլ սահմանային ստուգումներ։ Իրանը դա թույլ չի տա։ Եւ Բաքուն ու Անկարան Մոսկվայի օգնությամբ ուզում են Հայաստանի տարածքով ճանապարհ անցկացնել, որը Հայաստանը չի վերահսկելու։
 
Ալիեւն ասում է, որ այդ հարցում նա չունի տարաձայնություններ Պուտինի հետ։ «Հայաստանը համաձայնել է, որ երկաթուղին անցնի Զանգեզուրի միջանցքով, թեկուզ սկզբից դեմ էր։ Սակայն նա դեմ է ավտոճանապարհին։ Դա հակասում է նոյեմբերի 10-ին ստորագրած փաստաթղթին։ 9-րդ կետում հստակ նշված է, որ բացվում են եւ երկաթուղին, եւ ավտոճանապարհները։ Ինչպե՞ս կարող է բացվել Իրանի եւ Ռուսաստանի հետ Հայաստանի հաղորդակցությունը, եթե մենք չկարողանանք օգտվել Նախիջեւանի հետ կապող ճանապարհից։ Նման բան հնարավոր չէ», ասել է Ալիեւը։
 
Ալիեւն զբաղված է հասկացությունների նենգափոխմամբ։ Արդյոք նա առաջարկում է մաքսային եւ այլ ստուգումներ չիրականացնել նաեւ «Ադրբեջանով Հայաստանից Ռուսաստան ճանապարհին»։ Արդյոք Հայաստանից դեպի Ռուսաստան գնացքները երթեւեկելու են փակ ռեժիմով եւ չեն կանգնելու սահմանին։ Պարզ է, որ նման բան չի լինի։ Ինչո՞ւ է այդ դեպքում նա Հայաստանից միջանցք պահանջում։
 
Ինչո՞ւ Բաքուն չի ուզում Հայաստանի տարածքով երթեւեկել այնպես, ինչպես ընդունված է այլ տրանզիտներում։ Եւ ի՞նչ է Բաքուն Հայաստանից «թաքուն» Նախիջեւանով պատրաստվում տանել Թուրքիա, որ նրան միջանցք է պետք եկել։
 
«Հայաստանը կարծես թե ժամանակավորապես դադարեցրել է Եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, որը չի հավաքվել հունիսի սկզբից», ասել է Ալիեւը։
 
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ խումբը շուտով կվերսկսի աշխատանքը։ «Դա թույլ կտա անցնել համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանն՝ ի շահ Հայաստանի, Ադրբեջանի եւ ամբողջ հարավկովկասյան տարածաշրջանի», ասել է նա։
 
Բաքվի ու Մոսկվայի հայտարարություններից ու գործնական քայլերից երեւում է, որ խնդիրը հաղորդակցությունների բացումը չէ: Ֆրանսիայի դեսպանը իզուր չի հիշել «Դանցիգի միջանցքը». Հայաստանի տարածքը միջանցք հայտարարելով, ռուս-թուրքական տանդեմն այլ նպատակներ է հետապնդում:
 
Մեկնաբան Նաիրա Հայրումյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը