Փոքրիկներն ունկնդրեցին «Վայրի սիմֆոնիա» հեքիաթ-համերգը

Փոքրիկներն ունկնդրեցին «Վայրի սիմֆոնիա» հեքիաթ-համերգը

  • 26-07-2021 14:44:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրեց Դեն Բրաունի «Վայրի սիմֆոնիա» հեքիաթ-համերգը։ Մի քանի տասնյակ երկրներում ներկայացված գեղեցիկ նախագիծը Երևանում հնարավորություն ունեցան վայելելու նաև մեր փոքրիկները։ Երաժշտությանը զուգահեռ էկրանին ներկայացվում էր երաժշտական այս պատմությունից կյանք ստացած անիմացիան, իսկ բեմից հնչում էր Դեն Բրաունի հեքիաթը՝ երեխաներին փոխանցելով անտառային հետաքրքիր դրվագներ։ Հեքիաթի տեքստը կարդում էր Նազենի Հովհաննիսյանը։ 
 
«Վայրի սիմֆոնիա» նախագծում հեղինակը միաձուլել է արվեստի երեք ճյուղերը՝ գրականությունը, երաժշտությունն ու նկարչությունը։ Ստեղծելով պատկերների, երաժշտության և պոեզիայի խորհրդավոր մի աշխարհ՝ Դեն Բրաունն այդպիսով դեպի բարձր արվեստն է գրավում երեխաներին։ «Վայրի սիմֆոնիան» պատմում է դիրիժոր մկնիկի մասին, որը հավաքում է անտառի իր ընկերներին և ստեղծում նվագախումբ։ Այս բարդ գործը նա իրականություն է դարձնում իր իմաստնության, համբերատարության, բարության և ընկերների նկատմամբ հարգանքի շնորհիվ։
 
Այս ծրագիրը յուրօրինակ կրթական նախաձեռնություն է, որի նպատակը փոքրիկ ունկնդիրներին դասական երաժշտությանը մոտեցնելն է, երաժշտական գործիքներին, սիմֆոնիկ նվագախմբին ծանոթացնելը։ Հեքիաթ-համերգին հրավիրված էին նաև «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սաներ, որոնց «Հույսի ինտոնացիա» նախաձեռնության շրջանակներում երաժշտության դասեր են տալիս Սիմֆոնիկ նվագախմբի ֆլեյտահար Ռուզաննա Թովմասյանը և մի խումբ այլ երաժիշտներ։
 
Նշենք, որ «Վայրի սիմֆոնիա» հեքիաթը հայերեն թարգմանել և հրատարակել է «Զանգակ» հրատարակչությունը։ Հեքիաթի էջերում թաքնված են հեղինակին՝ Դեն Բրաունին բնորոշ գլուխկոտրուկները, հանելուկներն ու ծածկագրերը, որոնք գուշակելով՝ հնարավոր կլինի ընթերցել երեխաներին ուղղված հատուկ ուղերձ։
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն