«Առնիկան» նոր հետազոտություն կիրականացնի Լոռու մարզում արդյունաբերական աղտոտվածության ազդեցության և տարածվածության վերաբերյալ

«Առնիկան» նոր հետազոտություն կիրականացնի Լոռու մարզում արդյունաբերական աղտոտվածության ազդեցության և տարածվածության վերաբերյալ

  • 26-07-2021 15:34:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Երևան/Չեխիա-Չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպությունը շարունակում է հետազոտել Լոռու մարզի՝ քիմիական աղտոտվածության ենթարկված տարածքները: «Առնիկա»-ի փորձագետները կվերցնեն հողի, փոշու փորձանմուշներ և տուժած բնակիչների կենսանմուշներ, ընդհանուր՝ ավելի քան 100 նմուշ: Դրանք կհետազոտվեն Չեխիայում հավատարմագրված լաբորատորիայում: Հետազոտական աշխատանքների նոր փուլը կմեկնարկի հուլիսի 28-ին:
 
2021թ. հետազոտությունների դիտարկման շրջանակն ընդլայնվել է՝ ընդգրկելով Ալավերդի, Շնող, Աքորի, Ախթալա, Թեղուտ, Հաղպատ, Սանահին, Ճոճկան, Մեծ Այրում, Փոքր Այրում, Արմանիս ու Մղարթ բնակավայրերը: Հետազոտությունները կնպաստեն վերհանել մարդու առողջությանը սպառնացող վտանգները, որոնց մարդիկ բախվում են շրջակա միջավայրի արդյունաբերական աղտոտվածության հետևանքով, գնահատել այդ ռիսկերը և պլանավորել մեխանիզմներ դրանց վերացման ուղղությամբ: Մարդիկ հնարավորություն կունենան ստանալու հստակ տվյալներ իրենց առողջության վրա հանքարդյունաբերության ազդեցության վերաբերյալ:
 
Հետազոտությունները կմեկնարկեն Ստեփանավան խոշորացված համայնքի Արմանիս բնակավայրում, որը գտնվում է Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրի ազդեցության գոտում: Բնակավայրում են նաև գտնվում հանքավայրը շահագործող «Սագամար» ՓԲԸ-ին պատկանող պոչամբարն ու  լցակույտերը: Վտանգավոր թափոնները տարածվում են շրջակա միջավայրում, ներհոսում են Չքնաղ գետ և գետի ձորակ: Լցակույտերից և հանքավայրի տարածքից փոշին սփռվում է համայնքի, հողատարածքների ու արոտավայրերի վրա:
 
Արմանիսից հետո ուսումնասիրություններ կանցկացվեն «Թեղուտ» ՓԲԸ-ի և «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի հանքարդյունաբերական ձեռնարկությունների պոտենցիալ ազդեցության գոտում գտնվող տարածքներում:
 
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը նշեց. ««Առնիկայի» կողմից 2020թ. իրականացված նախորդ հետազոտությունների հիման վրա մոտ 70 բնակիչ, որոնք բնակվում են աղտոտված տարածքներում, դիմել են դատարան իրենց առողջությանը հասցված վնասների փոխհատուցման պահանջով: Այս տարվա հետազոտությունները կլրացնեն ապացուցողական բազան, որպեսզի մարդիկ պահանջատեր դառնան և պաշտպանեն իրենց առողջության իրավունքները»:
 
Հետազոտություններն իրականացվում են հայաստանյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունների հետ համատեղ՝ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ՝ Վերափոխումների խթանման ծրագրի շրջանակներում:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն