Հենց թուրք-ադրբեջանական դաշինքն էր ստիպել իր դանակից բոլշևիկներին, որ Հայաստանի սահմանները լինեին այդպիսի «կրծոտված» վիճակում. պատմաբան
26-07-2021 17:08:57 | Հայաստան | Քաղաքական
Այսօր Հայաստանում առաջացել է մի իրավիճակ, երբ պետք է վերանայել մեր պետության ռազմական քաղաքականությունը, պաշտպանական հայեցակարգը, բանակաշինության մեդելը: Այս իրավիճակն առաջացել է անցյալ տարվա նոյեմբեր-դեկտեմբերից, երբ մենք կորցրեցինք ազատագրված այն տարածքները, որոնք ՀՀ-ի համար անվտանգության շատ շուրջ երաշխիքներ էին: Մյուս կողմից, հայկական բանակը զգալի թուլացած դուրս եկավ կապիտուլիացիոն այն գործարքից, որ ստորագրվեց նոյեմբերի 9-ին, և առանց պատերազմի թշնամուն հանձնվեցին մեր գոյություն համար կենսական նշանակություն ունեցող տարածքներ:
Այս մասին Նոյյան Տապանի «Ազատ խոսափող» հաղորդաշարում նշեց պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը: Նա ընդգծեց` Խորհրդային Հայաստանն այնպիսի սահմաններ ուներ, որոնք չէին ապահովելու ապագա անկախ Հայաստանի անվտանգությունը:
«Հենց թուրք-ադրբեջանական դաշինքն էր ստիպել իր դանակից բոլշևիկներին, որ Հայաստանի սահմանները լինեին այդպիսի «կրծոտված» վիճակում: Նրանց նպատական էլ այն էր, որ եթե մի օր ԽՍՀՄ-ը փլուզվի, անմիջապես պետք էր խեղդել Հայաստանի պետականության առաջացումը:
Այդպես էլ արվեց 1991 թվականին, և նույնիսկ դրանից առաջ արդեն սկսվել էր Հայաստանի շրջափակումը, հայկական գոյապայքարի ճնշումները, այդ թվում` Օղակ ռազմագործողությունը, որն իրագորեցին ԽՍՀՄ ուժերը և Ադրբեջանական օմոնը: Այդ ժամանակ արդեն հայաթափվեց 24 հայաբնակ գյուղ: Դրանից հետո մեզ հաջողվեց իրականացնել ազատագրական պայքար, ազատագրել այն տարածքները, որ թույլ էին տալու ապահովել մեր անվտանգությունը»,- ասաց Այվազյանը և շեշտեց, որ անցյալ տարվա պատերազմը զրկեց մեզ այդ երաշխիքներից:
Ըստ պատմաբանի`պատճառը, ինչու մենք չկարողացանք դիմագրավել թշնամուն այս պատերազմում, միայն սպառազմինության հարցը չէր. «Հարցերի հարցը ժողովրդի ընդհանուր կազմակերպվածությունն էր ռազմական բնագավառում: Երբ պատերազմն ավարտվեց, 1994 թվականին ընտրվեց ռազմական քաղաքականության մի մոդել, որ չէր համապատասխանում Հայաստանի պայմաններին: Մենք ունենք թշնամիներ` Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք ռազմավարական նպատակ էին դրել վերացնել ՀՀ պետականությունը: Սա մի բան է, որ ՀՀ իշխանությունները տասնամյակներով բացեիբաց չհամարձակվեցին հայտարարել ոչ ժողովորդին, ոչ էլ միջազգային հարթակներում: Մյուս խնդիրը այն էր, որ Հայաստանն իր տարածքով և ռեսուրսներով զիջում էր Ադրբեջանին և նրա թիկունքին կանգնած Թուրքիային: Նման պայմաններով մենք ընտրել էինք մի մոդել, որը նույն ԽՍՀՄ բանակի մոդելն էր, սակայն այդտեղ մենք ունեինք բացթողում, դա պահեստազորն էր, որը կկարողանային միանալ բանակին մեկ-երկու օրում և ռազմական հարցեր լուծել»,- ասաց Արմեն Այվազյանը: