2021 թ. առաջին կիսամյակում ՀՀ և ԼՂ զինված ուժերում գրանցվել է 29 զինծառայողի մահվան դեպք


2021 թ. առաջին կիսամյակում ՀՀ և ԼՂ զինված ուժերում գրանցվել է 29 զինծառայողի մահվան դեպք

  • 26-07-2021 19:18:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Չնայած 2021 թ. առաջին կիսամյակում գրանցված մահացության դեպքերի թիվը նվազել է, այնուամենայնիվ դեպքերի գերակշիռ մասը՝ 90 %-ը, տեղի են ունեցել ոչ մարտական պայմաններում։ Այս մասին նշվում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հրապարակած տեղեկանքում: 
 
Պետական կառույցները շարունակում են զինծառայողների մահվան փաստերի գերակշիռ դեպքերում հրապարակային տեղեկություններ չհայտնել։ 2020 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2021-ին ավելի քան կրկնակի անգամ ավելացել են ավտովթարի հետևանքով մահվան դեպքերը, գրեթե նույնքան նվազել են ինքնասպանության դեպքերը։ 
 
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2021 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության/Լեռնային Ղարաբաղի զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ տվյալները, որոնք հավաքագրվել են զանգվածային լրատվամիջոցներով և պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկություններից, ինչպես նաև Կազմակերպության կողմից պաշտոնական կառույցներին ուղղված տեղեկատվության հարցումների պատասխաններից:
 
Մեր ամփոփած տեղեկությունների համաձայն՝ 2021 թ. առաջին կիսամյակում ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերում գրանցվել է 29 զինծառայողի մահվան դեպք։ 
 
Մահվան  29 դեպքերի պատճառներն են. 
 
9-ը՝ ավտովթար (որից 2-ը՝ վրաերթ),
 
8-ը՝ առողջական խնդիրներ,
 
4-ը՝ դժբախտ պատահար (1-ը՝ ձնահյուս, 1-ը՝ կայծակնահարում, 1-ը՝ ավտոմեքենայի դետալով հարված գլխին, 1-ը՝ ծառի տապալում),
 
4-ը՝ ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել,
 
3-ը՝ հրադադարի ռեժիմի խախտում,
 
1-ը՝ սպանություն (զենքի օգտագործման կանոնների խախտում):
 
Հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացած 3 զինծառայողներից 2-ը  վիրավորում են ստացել 2020 թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին և մահացել են 2021 թ.-ին։ 
 
Համեմատության համար նշենք, որ 2020 թ. նույն ժամանակահատվածում՝ առաջին կիսամյակում, գրանցվել է 32 զինծառայողի մահվան դեպք (տե՛ս աղյուսակ 1), որից 
 
10-ը՝ առողջական խնդիրների հետևանքով,
 
8-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու,
 
6-ը՝ դժբախտ պատահարի (3-ը ձնահյուսի, 1-ը ձորն ընկնելու, 1-ը մեքենայում բռնկված հրդեհի, 1-ը տրակտորի շրջվելու հետևանքով),
 
4-ը ավտովթարի,
 
2-ը՝ սպանության (1-ը՝ դիտավորյալ, 1-ը՝ այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով),
 
1-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման,
 
1-ը՝ ականի պայթյունի։ 
 
2021 թ․-ին մահացած 29 զինծայողներից միայն 12-ի մահվան մասին է տարածվել պաշտոնական հաղորդագրություն, մյուս 17 դեպքերից 1 դեպքի մասին տեղեկատվություն է տարածվել միայն լրատվամիջոցներով, իսկ 16 դեպքի մասին ընդհանրապես հաղորդագրություն չի տարածվել: 
 
Նշված 17 դեպքերից 16-ի մասին Կազմակեպությունը տեղեկացել է ՀՀ գլխավոր դատախազությունից, 1 դեպքի մանրամասների մասին Կազմակերպությանը հայտնի է դարձել այլ պաշտոնական աղբյուրից: 
 
Դիտարկելով պաշտոնապես չհրապարակված դեպքերը՝ կարող ենք արձանագրել, որ 17 դեպքից 14-ը համարվել են զինվորական ծառայության հետ չկապված, 3-ը՝ կապված: Այսինքն՝ նույնիսկ երբ մահվան դեպքերը որակվել են որպես ծառայության հետ կապված, պաշտոնապես դրանց մասին տեղեկությունները չեն հրապարակվել: 
 
Կարող ենք փաստել, որ պաշտոնական մարմինների կողմից չի դրսևորվում հաշվետվողականություն զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու առումով եւ պետական կառույցները շարունակում են մահվան փաստերի գերակշիռ դեպքերում հրապարակային տեղեկություններ չհայտնել: 
 
Համեմատելով 2020 և 2021 թվականների առաջին կիսամյակներում մահվան դեպքերի պատճառները՝ արձանագրում ենք, որ 2021 թվականին 
 
ավելի քան կրկնակի անգամ (5-ով) ավելացել են ավտովթարի հետևանքով մահվան դեպքերը,
 
20 %-ով (2-ով) նվազել են առողջական խնդիրների հետևանքով մահվան դեպքերը,
 
50 %-ով (4-ով) նվազել են ինքնասպանության դեպքերը,
 
1-ով նվազել են սպանության դեպքերը,
 
33 %-ով (2-ով) նվազել են դժբախտ պատահարի հետևանքով դեպքերը:
 
2021 թ. առաջին կիսամյակում մահվան դեպքերի մեծ մասը տեղի են ունեցել մայիս ամսին՝ 10 դեպք, հունվարին արձանագրվել է 7 դեպք, մարտին, ապրիլին և հունիսին՝ 3-ական դեպքեր, իսկ փետրվարին՝ 2 դեպք, 1 դեպքում մահվան դեպքի ժամանակը դեռեւս պարզված չէ: 
 
2021 թ․-ին մահացած 29 զինծառայողներից 16-ը՝ պայմանագրային ժամկետային զինծառայողներ են, 7-ը՝ պարտադիր ժամկետային, 2-ը՝ պահեստազորային, 3-ը` սպա, 1-ը՝ ենթասպա։ 
 
Մահացած պահեստազորային համարվող զինծառայողներից մեկը զորահավաքային զորակոչի միջոցով զինվորական ծառայություն անցնող զինծառայող է եղել, որը ենթադրվում է, որ վիրավորվել է 2020 թ․-ի պատերազմական գործողությունների ընթացքում, իսկ մյուսը հանդիսացել է պահեստազորի սպա: 
 
Համեմատության համար նշենք, որ 2020 թ․-ի առաջին կիսամյակում մահացած 32 զինծառայողներից 14-ը՝ պայմանագրային ժամկետային զինծառայողներ են, 9-ը պարտադիր ժամկետային, 7-ը` սպա, 2-ը՝ ենթասպա։ 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն