«ՀՀ-ում բնակչության մոտ 5.3 տոկոսն է պատվաստված. կան հիվանդացության աճման միտումներ»


«ՀՀ-ում բնակչության մոտ 5.3 տոկոսն է պատվաստված. կան հիվանդացության աճման միտումներ»

  • 26-07-2021 21:20:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՎԿԱԿ-ի իմունականխարգելման բաժնի պետ Սվետլաննա Գրիգորյանի տեղեկացմամբ` կորոնավիրուսի դեմ Pfizer և Moderna պատվաստանյութերը Հայաստանում ունենալու համար բանակցությունները շարունակվում են, սակայն կոնկրետ ժամկետներ, թե երբ կլինեն դրանք այստեղ, չկան: «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում Գրիգորյանն ասաց, որ մոտ ապագայում պարզ կդառնա` երկրում կա արդյոք «դելտա» տեսակը, թե ոչ: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր չէր բացառել, որ Հայաստանում շրջանառվում է նաև աշխարհում արագ տարածվող կորոնավիրուսի «դելտա» շտամը։
 
Նշենք, որ վիրուսի այս նոր տարբերակը շատ ավելի ծանր ընթացք է ունենում, դրա տարածման հետևանքով առողջապահական համակարգը կրկնակի ծանրաբեռնվում է։
 
Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.
 
Հայաստանում վերջին ժամանակահատվածում նկատվում է պատվաստման տեմպերի որոշակի աճ
 
ՀՎԿԱԿ-ի իմունականխարգելման բաժնի պետ Սվետլաննա Գրիգորյանն ասում է` շուտով պարզ կլինի, թե կորոնավիրուսի «դելտա» տեսակ Հայաստանում կա, թե ոչ: «Հնարավորինս մոտ ժամկետներում արդեն ավելի հստակ պատասխան կունենանք», - ասուլիսի ժամանակ ասաց նա:
 
Նրա ներկայացմամբ` այս շտամն ավելի վտանգավոր է, ավելի բարձր վարակելիություն ունի ու ավելի արագ է տարածվում, ու ինչքան շատանում են դեպքերը այնքան հավանականությունը, որ ծանր դեպքերն ավելի շատ կլինեն, մեծանում է:
 
«Հայաստանում վերջին ժամանակահատվածում նկատվում է պատվաստման տեմպերի որոշակի աճ, բայց կարելի էր ավելի լավ ցուցանիշ ունենալ, բնակչության մոտ 5.3 տոկոսն է պատվաստված: Այս միտումները, կարծում եմ, մոտ ապագայում ավելի կբարելավվեն, եթե իհարկե, բնակչության շրջանում պահանջարկն օրեցօր բարձրանում է», - շեշտեց Գրիգորյանը` շարունակելով:
 
Ինչ վերաբերում է այլ պատվաստանյութերի ձեռքբերմանը, նա ասաց, որ պարզ չէ, թե երբ Հայաստանում կլինի Pfizer պատվաստանյութը, սակայն նշեց` բանակցությունները շարունակվում են: Հավելեց` ի սկզբանե չեն ձեռք բերել այն, քանի որ պահպանման համար պատրաստ չի եղել երկիրը, հայտնեց նաև, որ Moderna-ի ձեռքբերման համար ևս բանակցություններ են ընթանում:
 
«Այս փուլում երկու դեղաչափ պատվաստումը ապահովում է, որ առնվազն վեց ամիս օրգանիզմը պաշտպանված լինի»
 
Օգտատերերից մեկի հարցին` արդյոք երկու փուլով պատվաստումն ամբողջ կյանքի համար է, բանախոսը պատասխանեց. «Այս փուլում երկու դեղաչափ պատվաստումը ապահովում է, որ առնվազն վեց ամիս օրգանիզմը պաշտպանված լինի, այնուհետև շարունակվում են հետազոտությունները, և հաջորդիվ դեղաչափերի անհրաժեշտության կամ ոչ անհրաժեշտության մասին դեռ չկա որևէ հետազոտություն»:
 
Ըստ Գրիգորյանի` դեռ վաղ է ասել հետագա պատվաստումների մասին որևէ ինֆորմացիա:
 
«Դելտա» շտամի դեմ ևս արդյունավետ են պատվաստանյութերը
 
Հարցին, թե կորոնավիրուսի «դելտա» շտամի դեմ որևէ պատվաստանյութ կա, և Հայաստանում այն հաստատվելու դեպքում ի՞նչ է պետք անել, Գրիգորյանը պատասխանեց, որ առկա, այդ թվում այստեղ կիրառվող պատվաստանյութերն արդյունավետ են բոլոր շրջատիպերի դեմ, բայց արդյունավետությունը պետք է ընկալել այն տեսանկյունից, որ պատվաստանյութերը կանխարգելում են հիվանդության ծանր ու մահվան դեպքերը: «Բնակչության մեջ կարող է թյուր կարծիք լինել, որ պատվաստվելով չեն հիվանդանա, սակայն պատվաստումն այս պարագայում չի կարող ազդել վիրուսի շրջանառության վրա, հետևաբար համահավասար արդյունավետություն ունի բոլոր շրջատիպերի դեպքում», - նկատեց նա:
 
Դեռևս պարզ չէ` դասերը հեռավար կլինեն, թե ոչ
 
Ըստ ՀՎԿԱԿ-ի իմունականխարգելման բաժնի պետի դեռևս պարզ չէ նաև աշնանը դասապրոցեսի ինչպիսին լինելը` հեռավար, թե ոչ: Դա, նրա խոսքով, կախված կլինի այդ փուլում առկա համաճարակային իրավիճակից, ուսուցիչների շրջանակում պատվաստվածների տոկոսից:
 
«Ոչ միայն հիմա, այլ նաև ամբողջ պատվաստումային գործընթացի մեկնարկից ի վեր իրականացվում են լայնածավալ իրազեկման գործընթացներ, դասընթացներ, տեղեկատվության տրամադրում, այս առումով կարևոր է նաև յուրաքանչյուր անհատի դերը, յուրաքանչյուրը պետք է գիտակցի իր անհատական դերը», - նշեց Գրիգորյանը` հավելելով, որ բնակչության մոտ 70-80 տոկոսը պետք է պատվաստված լինի կոլեկտիվ իմունիտետ ունենալու համար:
 
«Կան հիվանդացության աճման միտումներ բոլոր տարիքային խմբերում»
 
«Վերջին ժամանակահատվածում ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ կան հիվանդացության աճման միտումներ բոլոր տարիքային խմբերում, այդ թվում` երեխաների և երիտասարդների շրջանում: Եթե համեմատենք շաբաթական տվյալները նախորդ շաբաթի հետ, ապա մոտ 1.5-ից 2 անգամ ցուցանիշների բարձրացում ունենք, և բարձրացել է նաև վերարտադրողական ցուցանիշը, որը նշանակում է, որ մեկ շաբաթ հետո մենք կունենանք նաև հիվանդացության ցուցանիշների աճման միտումներ», - տեղեկացրեց ՀՎԿԱԿ-ի իմունականխարգելման բաժնի պետ Գրիգորյանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը