Երբ թշնամին փորձում է «խաղաղության» պայմանագիր պարտադրել


Երբ թշնամին փորձում է «խաղաղության» պայմանագիր պարտադրել

  • 27-07-2021 10:39:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ադրբեջանը հերթական անգամ սադրանքներ է հրահրում՝ կրակելով հայկական դիրքերի եւ սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ-ն հաղորդում է, որ երեկ, ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայ դիրքապահների պատասխան գործողությունների արդյունքում կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Խոսքը, մասնավորապես, ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված Քարվաճառ-Սոթք հատվածում իրականացրած սադրանքի մասին է։ Իսկ արդեն 11։30-ից սկսած՝ թշնամին կրակել է Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ։ Այս ուղղությամբ նույնպես հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։ Նկատենք, որ վերոնշյալ ուղղությունները կենսական նշանակություն ունեն երկրի ռազմավարական տարածքների առումով։ Դրանք այն դիրքերն ու գյուղերն են, որոնց նկատմամբ եթե թշնամուն հաջողվի վերահսկողություն ստանալ, ապա կվտանգվի մեր պետության եւ ազգաբնակչության անվտանգ գոյությունը։
 
Թեեւ գործողություններն իրականացվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից, սակայն այդ ամենն ուղղորդվում եւ խրախուսվում է Թուրքիայի կողմից։ Դրա ապացույցներից է այն, որ թուրք բարձրաստիճան պաշտոնյաները՝ երկրի նախագահ Էրդողանի գլխավորությամբ, բազմիցս սպառնալիքներ են հնչեցրել եւ շարունակում են հնչեցնել Հայաստանի եւ հայ ազգի հասցեին։ Այսպես, կիրակի օրը Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ, նախագահի տեղակալ Օմեր Չելիքը թվիթերյան միկրոբլոգում Հայաստանին մեղադրել է այն գործողություններում, որոնք իրականացնում է հենց Ադրբեջանը։
 
Անհիմն մեղադրանքներ հնչեցելով իբր տարածաշրջանում խաղաղությունը վտանգող «ագրեսիվ քաղաքականություն վարելու» եւ Քարվաճառի ուղղությամբ «սադրանքներ իրականացնելու» մեջ, Չելիքը խորհուրդ է տալիս մեզ «չկորցնել պատմական հնարավորությունը եւ համապարփակ գնահատել Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարների կոչերը»՝ հակառակ դեպքում սպառնալով կանգնեցնել նոր խնդիրների առաջ: Նման հայտարարություններն առնվազն պետք է արժանանային միջազգային հանրության եւ կազմակերպությունների խիստ քննադատությանն ու համարժեք քայլերին, սակայն, ինչպես ցույց տվեցին արցախյան երկրորդ պատերազմի ընթացքը եւ հետագա ժամանակահատվածը, թուրք-ադրբեջանական հանցավոր գործողություններն այդպես էլ մնում են անպատիժ։
 
Թուրքիան եւ Ադրբեջանը շտապում են ուժի եւ սպառնալիքի ցուցադրման միջոցով առավելագույն զիջումներ պարտադրել Հայաստանին։ Պարբերական բնույթ ստացած սահմանային միջադեպերն ու սադրանքները դրա դրսեւորումներից են։ Մինչեւ 2023 թվականը, այն է՝ Թուրքիայի Հանրապետության հարյուրամյակը, Էրդողանը խոստացել է «երկիրը վերածել էլ ավելի ուժեղ, ավելի անկախ եւ զարգացած պետության»։ Այդ մասին նա նշել է Լոզանի խաղաղության պայմանագրի ստորագրման 98-ամյակին նվիրված հուլիսքսանչորսյան իր ուղերձում։ Նշենք, որ ժամանակակից Թուրքիայի սահմանները որոշվել են հենց Լոզանի պայմանագրով։ Ուղերձում Էրդողանն անդրադարձել է Թուրքիայի կարեւոր հաջողություններին, որոնք ձեռք են բերվել աշխարհագրական լայն տարածման արդյունքում՝ Սիրիայից մինչեւ Լիբիա եւ Արեւելյան Միջերկրական ծով։ Իսկ արդեն դեպի արեւելք տարածվելու ճանապարհին էլ կանգնած է Հայաստանը։
 
Ներկա իրողությունների պայմաններում, երբ երկիրը դեռեւս հետպատերազմյան ծանր իրավիճակում է, փորձում են մեզ պարտադրել «խաղաղության» պայմանագիր։ Նշենք, որ սովորաբար երկրները խաղաղության պայմանագրերի կնքման են գնում տարիներ, անգամ տասնյակ տարիներ շարունակ։ Օրինակ՝ Մոսկվան եւ Տոկիոն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մինչ օրս խորհրդակցություններ են վարում խաղաղության պայմանագիր մշակելու նկատմամբ։ Հիմնական խոչընդոտը մնում են Կուրիլյան արշիպելագի հարավային մասի նկատմամբ իրավունքների շուրջ տարաձայնությունները: Վերջերս սրվել էին նաեւ Տաջիկստանի և Ղրղզստանի հարաբերությունները վիճելի տարածքների հետ կապված. երկու երկրների 980 կմ երկարություն ունեցող մի շարք սահմանային հատվածներ առայսօր վիճելի են։ Շարքը կարելի է շարունակել, սակայն խնդիրը նույնն է, սահմանային եւ տարածքային վեճերը լուծելու եւ խաղաղության հասնելու համար պետք է բացառվի ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումը, ինչը հետեւողականորեն խախտվում է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը