Երեխաները ստիպված են լինում հաճախել տնից հեռու դպրոց՝ բնակության վայրը հաշվի չառնելու պատճառով. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը


Երեխաները ստիպված են լինում հաճախել տնից հեռու դպրոց՝ բնակության վայրը հաշվի չառնելու պատճառով. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը

  • 27-07-2021 13:01:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Մարդու իրավունքների պաշտպանը դեռևս 2019 թվականին բողոքներ է ստացել այն մասին, որ երեխաների՝ իրենց բնակության վայրին մոտ հանրակրթական ուսումնական հաստատություն ընդունվելու հարցի հետ կապված կան մի շարք խնդիրներ:  Թեև այդ խնդիրները մասամբ լուծվել են, սակայն 2020 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին շարունակվել են բողոքներ հասցեագրվել:
 
Այսպես, 2020 թվականին կատարված փոփոխությունների համաձայն՝ սովորողների ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթությունը տրվել է տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաներին, ինչպես նաև տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաներին: Թեև դպրոցի ընդունելության կարգը հստակեցվել է, սակայն փոփոխություններ կատարելիս կարևոր էր հաշվի առնել նաև բնակության վայրին մոտ բնակվող երեխաների ընդունելության համար  առաջնահերթություններ սահմանելը:
 
Բնակության վայրին առավել մոտ դպրոց հաճախելու հետ կապված Պաշտպանը ստանում է բողոքողներ նաև 2021 թվականին: Ծնողները նշում են, որ երեխաներին իրենց բնակավայրից հեռու գտնվող դպրոց տանելը դժվարություններ է ստեղծում, հատկապես այն դեպքերում, երբ երեխան ունի հաշմանդամություն, տեղաշարժման հետ կապված խնդիրներ: Առանց այն էլ տրանսպորտային միջոցների և այլ միջավայրային հարցերում երեխաներն ու իրենց ծնողները բախվում են խնդիրների: Խնդիրն արդիական է նաև այն դեպքում, երբ ընտանիքում կան մանկահասակ և խնամքի կարիք ունեցող այլ  երեխաներ:
 
Դա դժվարություններ է ստեղծում նաև հատկապես տարրական դասարաններում սովորող երեխաների ծնողների համար, որոնք աշխատում են: Ստիպված են լինում երեխաներին տանել դպրոց, որի պատճառով խնդիրներ են ունենում աշխատանքի վայրում:
 
Բնակության վայրը՝ որպես հանրակրթական ուսումնական հաստատություն ընդունվելու չափանիշ հաշվի չառնելը ծնողների համար առաջացնում է նաև ֆինանսական դժվարություններ:
 
Հաշվի առնելով խնդրի արդիականությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկում է կատարել համապատասխան փոփոխություններ, որով   հանրակրթական ուսումնական հաստատություն ընդունելությունն իրականացնելիս չափանիշների թվում առավելություն կտրվի առաջնահերթ դպրոցին առավել մոտ բնակվող սովորողներին:
 
ՀՀ ՄԻՊ
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն