ԼՂ հարցում Ռուսաստանի և Թուրքիայի միջև որևէ տարաձայնություն չկա, հայտարարել է թուրք պրոֆեսորը


ԼՂ հարցում Ռուսաստանի և Թուրքիայի միջև որևէ տարաձայնություն չկա, հայտարարել է թուրք պրոֆեսորը

  • 27-07-2021 16:30:19   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանը և Թուրքիան տարաձայնություններ չունեն, արդյունավետ համագործակցում են։ Lenta-ին տված հարզազրույցում այս մասին ասել է Ստամբուլի Մալթեփե համալսարանի պորֆեսոր Հասան Ունալը, փոխանցում է Factor.am-ը: 
 
«Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ըստ իս՝ այստեղ ոչ մի տարաձայնություն չկա։ Երկու երկրներն իրենց շատ լավ դրսևորեցին հակամարտության ընթացքում, իսկ արդյունքը նույնիսկ օգուտ բերեց Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերություններին։ Նրանք պետք է շարունակեն աշխատել այն ուղղությամբ, որ ամրապնդեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահությունը»,- ասել է Հասան Ունալը։
 
Խոսելով «Շուշիի հռչակագրի» մասին՝ թուրք պրոֆեսոը նշել է, որ այն ուղղված չէ Ռուսաստանի դեմ։ «Այն արտահայտում է տարածաշրջանում առկա իրողությունները։ Դրանում ասվում է այն, ինչը տասնամյակներով գոյություն ունի։ Անկարան միշտ էլ իր հնարավորություների սահմանում եղել է Բաքվի պաշտպանը։ Բայց դա աշխատում է այն ժամանակ, երբ Ադրբեջանը պաշտպանում կամ վերադարձնում է իր հողերը, քանի դեռ գործում է ինքնապաշտպանության շրջանակում, և ոչ թե նրա համար, որ Ադրբեջանին մղի նոր հակամարտության։ Իմ կարծիքով՝ Թուրքիայի ու Ռուսաստանի տեսակետներն այս հարցում համընկնում են։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից տարածքների «ազատագրմանը», այդ հարցում Անկարայի ու Մոսկվայի միջև ոչ մի թյուրիմացություն չկա»,- ասել է Ունալը՝ նշելով, որ «Շուշիի հռչակագրում» կա նաև հոգեբանական պահ, որ «մեկ ազգ, երկու պետությունը» դատարկ խոսքեր չեն։
 
Թուրք պրոֆեսորը նաև ասել է, որ Ադրբեջանը չպետք է վախենա որևէ մեկի հարձակումից, քանի որ քիչ հավանական է, որ միակ սպառնալիք Հայաստանը հիմա հարձակվի։ Ըստ Ունալի՝ Ադրբեջանն էլ հազիվ թե հարձակվի Հայաստանի վրա, քանի որ արդեն «վերադարձրել է հողերը»։
 
Հասան Ունալը նաև բավական հետաքրքիր առաջարկ է արել Ռուսաստանին՝ կապված Ղրիմի հետ։ Մասնավորապես, նա նշել է, որ Անկարան ու Մոսկվան կարող են գործարք կնքել՝ ՌԴ-ի կողմից Հյուսիսային Կիպրոսի անկախության ճանաչման վերաբերյալ։
 
Թուրք պրոֆեսորը Ռուսաստանին առաջարկել է «ստանձնել Հանրապետության ճանաչման նախաձեռնություն» և ասել, որ միացյալ Կիպրոսը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, ինչը հակասում է Մոսկվայի շահերին։ Ըստ նրա՝ փոխարենը թուրքական ավիաընկերությունները կարող են վերականգնել դեպի Ղրիմ թռիչքները, իսկ թուրքական իշխանությունները կհրաժարվեն «Ղրիմը Ուկրաինայի մասն է» նարատիվից։
 
Ունալը նաև ասել է, որ Թուրքիայի կողմից Ղրիմը ռուսական ճանաչելու անհրաժեշտությոն չկա։ «Քանի որ այն արդեն իսկ Ռուսաստանի մաս է, և պարտադիր չէ, որ ՌԴ-ն Թուրքիայի խնդրի ճանաչել այն»,- ասել է Ունալը։ Նա հավելել է, որ Ռուսաստանի համար էլ պարտադիր չէ ճանաչել Հյուսիսային Կիպրոսը, հարկ է միայն չխանգարել, որ դա անեն մյուս երկրները և ուղղակի առևտուր սկսել Հյուսիսային Կիպրոսի հետ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը