Որոշիչը ՀՀ զինված ուժերի մարտունակությունն է


Որոշիչը ՀՀ զինված ուժերի մարտունակությունն է

  • 29-07-2021 12:59:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
«Հայաստանի Հանրապետություն օրաթերթ». Ադրբեջանը շատ հեռու է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործընթացից: Այդ իրողությունն ավելորդ անգամ փաստեցին Գեղարքունիքի սահմանային հատվածում նրա կազմակերպած նախահարձակ ռազմական գործողությունները: Վերջինս փաստացի շարունակում է ոտնձգությունները հայկական սուվերեն տարածքների նկատմամբ, ինչն անում է իրեն բնորոշ նենգ մարտավարությամբ՝ Երասխի հատվածում ուշադրությունը շեղող միջադեպից հետո պլանավորած հարձակում կազմակերպելով Սոթք-Վերին Շորժա հատվածում: Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում հարձակում էին ձեռնարկել հայկական դիրքերի ուղղությամբ: Ըստ ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության՝ հակառակորդը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ նախահարձակ մարտական գործողություններով փորձել է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։
 
Հաղորդագրության մեջ ասվում է, որ հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել ելման դիրքեր։ Ակնհայտ է, որ սահմանային բախումներ հրահրելով՝ պաշտոնական Բաքուն ցանկանում է իր համար լրացուցիչ խաղաթղթեր ապահովել սահմանների դեմարկացիայի հարցով առաջիկա բանակցությունների ժամանակ: Վերջինս շարունակում է ուժի դիրքերից ,խաղաղության համաձայնագիրե պարտադրելու անհեռանկար մարտավարությունը: Ադրբեջանի այս գործելաոճն Արցախի հանդեպ 44-օրյա ագրեսիային միջազգային հանրության համարժեք դատապարտող գործողությունների բացակայության օրինաչափ հետեւանքն է: Դրան հետեւեց այն, որ Ադրբեջանն իր ,ավագ եղբորե՝ Թուրքիայի հետ որոշեց, որ արդեն ՀՀ սուվերեն տարածքների վրա հարձակվելով՝ կարող են շարունակել իրենց ծավալապաշտական, զավթողական գործողությունները: Հարձակում ձեռնարկելով հենց ՀՀ սահմանի Գեղարքունիքի հատվածում՝ Ադրբեջանը, ըստ էության, նաեւ ցինիկաբար պատասխանեց երկու օր առաջ այդ նույն հատված ժամանած ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի՝ խնդիրները բանակցությունների միջոցով կարգավորելու կոչին:
 
ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին անհապաղ վերադառնալու դեսպանի արտահայտությանը պաշտոնական Բաքուն Անկարայի դրդմամբ շատ օպերատիվ պատասխանեց ռազմական գործողությամբ: Միջադեպը եւս մեկ անգամ փաստում է, որ մեր երկու հարեւաններն օրեցօր ավելի են հեռանում քաղաքակիրթ աշխարհից եւ նրա արժեքներից: Այս դեպքում միջազգային կառույցների կողմից հայտնի համապատասխան գործիքակազմերով հակազդման ուշացումը կարող է հանգեցնել նոր անցանկալի հետեւանքների ողջ տարածաշրջանի եւ աշխարհի համար: Եթե Ադրբեջանը նման ձեւով մերժում է քաղաքական բանակցությունները, ապա հայկական կողմն իրեն իրավունք է վերապահում գործադրել հակազդման բոլոր միջոցները: Այդ մասին հայտարարություն տարածեց նաեւ ՀՀ ԱԳՆ-ն, որում ասվում է. ,Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառմանն ի պատասխան՝ Հայաստանի Հանրապետությունը գործի կդնի միջազգային իրավունքով վերապահված իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմըե։
Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատու գերատեսչությունը նաեւ շեշտել է, որ իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա: Միջադեպի հետեւանքով հայկական զինված ուժերը տվել են երեք զոհ, իսկ Ադրբեջանը, ինչպես միշտ, այս դեպքում էլ կթաքցնի իր իրական կորուստները: Ադրբեջանի հետ արդեն երեք տասնամյակ ձգվող հակամարտության ընթացքում բազմիցս համոզվել ենք, որ վերջինս լռում է ոչ համարժեք պատասխան ստանալուց եւ կորուստներ տալուց հետո միայն: Այս դեպքում էլ հետ շպրտվելուց եւ մեծ կորուստներ տալուց հետո է միայն հակառակորդը համաձայնել Մոսկվայի միջնորդությանը եւ դադարեցրել է իր գործողությունները: Ադրբեջանը հերթական անգամ հասկացավ, որ առանց բայրաքթարների ունակ չէ մարտի դաշտում դիմակայել հայ զինվորին, իսկ ՀՀ զինված ուժերն ի ցույց դրեցին իրենց մարտունակությունը, որն արցախյան երրորդ պատերազմից հետո էլ չէր թուլացել:
 
ՀՀ զինված ուժերը մշտապես պատրաստ են պատասխանելու Ադրբեջանի սադրանքներին, սակայն հատկապես վերջին միջադեպից հետո միջազգային կառույցները պարտավոր են ընդունել, որ ագրեսիաների նման դրսեւորումներին ոչ համարժեք արձագանքը կհանգեցնի իրավիճակի հետագա ապակայունացման, որը կընդգրկի նաեւ եվրոպական տարածաշրջանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը