Գողության և խարդախության համար 4 երիտասարդների մեղադրանք է առաջադրվել


Գողության և խարդախության համար 4 երիտասարդների մեղադրանք է առաջադրվել

  • 29-07-2021 18:36:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պահեստարան և բնակարան ապօրինի մուտք գործելով կազմակերպված խոշոր չափերի գողության օժանդակության և խարդախության, ինչպես նաև ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: 
 
Իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, նրանցից յուրաքանչյուրի դերակատարությունը և գործողություններն անհատականացվել են, տրվել քրեաիրավական գնահատականներ:
Քննության ընթացքում պարզվել է, որ Արմավիր քաղաքի 19-ամյա բնակիչը 2020թ. հոկտեմբերի 17-ին իր 22-ամյա ընկերոջ հետ վիճաբանել է ալկոհոլի ազդեցության տակ գտնվող համաքաղաքացու հետ, որի ընթացքում 19-ամյա երիտասարդը, վերցնելով ընկերոջ տաբատին ամրացված դանակը, մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է համաքաղաքացու թիկունքի շրջանին՝ առողջությանը պատճառելով ծանր վնաս:
 
Բացի այդ, 2020թ. հոկտեմբերին 19-ամյա երիտասարդը, ընկերոջ հետ նախապես պլանավորելով և վրեժխնդիր լինելու նպատակով, օգտվել են շենքերից մեկի բակում կայանված մեքենայի դռների բաց լինելու հանգամանքից, էլեկտրական լարերի միջոցով շարժի են գցել «ՎԱԶ 2106» մակնիշի  ավտոմեքենան և հափշտակել, ինչը հետագայում  վաճառել են՝ խաբելով, թե իրենց է պատկանում:
 
Նշված դեպքից օրեր անց, երկու ընկերները գողացել են մեկ այլ՝ «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենա և նույնպես խաբելով, որ իրենցն է՝ վաճառել են։
 
Քննության ընթացքում պարզվել է, որ 2020թ. սեպտեմբերին, 19-ամյա երիտասարդի առաջարկով, նրանց միացած 22 և 20-ամյա համաքաղաքացիները գաղտնի հափշտակել են «Օպել Աստրա Տի» մակնիշի ավտոմեքենայի մարտկոցը և այն տեղադրելով ընկերոջ ավտոմեքենայի մեջ, չորսով միասին գնացել են Սարդարապատ գյուղ, որտեղ համաքաղաքացիները 19-ամյա երիտասարդի հետ միասին մտել են պահեստարան և գողացել տարբեր տեսակի ապրանքներ։ Այնուհետև գողոնը տեղափոխել և պահել են 22-ամյա ընկերոջ աշխատավայրի ետնամասում գտնվող շինության փոսի մեջ: Հաջորդ օրը 20-ամյա համաքաղաքացին իր ընկերոջը տեղեկացրել է, որ գողություն են կատարել, նրան ցույց է տվել թաքստոցի վայրը և դրանց մեջ առկա նոութբուք համակարգիչը նվիրել ընկերոջը: Վերջինս այն միացրել է և, տեսնելով համակարգչի մեջ ծանոթի ու նրա եղբոր լուսանկարները, զանգահարել է նրանց՝ հայտնելով, որ գողոնը կարող է ետ վերադարձնել: Վերջիններս  վերցրել են գողոնը և հեռացել:
 
Նույն ամսին, 19-ամյա երիտասարդի առաջարկով՝ ոսկյա զարդեր գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, երկու ընկերները միասին գնացել են Արմավիրի մարզի Նորապատ գյուղի տներից մեկը և բացել տան մուտքի դուռը։  22-ամյա ընկերը հսկել է տարածքը, իսկ 19-ամյա երիտասարդը ներս է մտել և մի քանի րոպե անց առանց որևէ բան գտնելու դուրս է եկել:
 
Շարունակելով գողությունների շղթան՝  2020թ. հոկտեմբեր ամսին, երկու ընկերները գտնվելով Երևանում, 19-ամյա երիտասարդը ընկերոջը առաջակել է ավտոմեքենա հափշտակել և դրանով տուն վերադառնալ: Տեսնելով Արգավանդ գյուղի խանութներից մեկի դիմաց կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան՝ նրանցից մեկը հսկել է տարածքը, իսկ մյուսը երկաթյա լինգով կոտրել է մեքենայի ապակին, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չհասցնելով՝ դիմել են փախուստի:
 
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ բոլոր չորս երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել։ 19-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ մյուսների նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին։
 
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն