Ուժի կիրառումն անընդունելի է. Ստանիսլավ Զասը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին

Ուժի կիրառումն անընդունելի է. Ստանիսլավ Զասը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին

  • 29-07-2021 19:25:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանագծում ստեղծված իրավիճակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքը, Ստանիսլավ Զասը իր խորին ցավակցությունն է հայտնել հուլիսի 28-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած մարտական բախումների հետևանքով երեք հայ զինծառայողների զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:
 
«Լուրջ մտահոգություն է առաջացնում տարածաշրջանում լարվածության հետագա էսկալացիայի վտանգը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ եռակողմ ձևաչափով պայմանավորվածությունների կատարման վրա, որոնք ամրագրված են Հայաստանի, Ադրբեջանի, և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ: Ուժի կիրառումն անընդունելի ենք համարում: Հակասությունները կարգավորելու համար պետք է օգտագործվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներ: Ողջունում եմ Ռուսաստանի Դաշնության ջանքերը ՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը»,- նշել է Ստանիսլավ Զասը:
 
Ադրբեջանի ԶՈՒ-ն հուլիսի 28-ին նախահարձակ մարտական գործողություններ էր սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, իրականացնում են յուրային դիրքերի պաշտպանություն՝ թույլ չտալով հակառակորդի առաջխաղացումը։ Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ, հուլիսի 29-ին, ժամը 03:00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի` հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը լռեցվել է:
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը