Էդվարդ Միրզոյանի և Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակներին նվիրված համերգներ՝ Կապանում և Գորիսում

Էդվարդ Միրզոյանի և Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակներին նվիրված համերգներ՝ Կապանում և Գորիսում

  • 29-07-2021 21:32:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում հուլիսի 27-ին և 28-ին Կապանի մշակույթի կենտրոնում և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հանդես է եկել համերգներով՝ նվիրված Էդվարդ Միրզոյանի և Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակներին: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: 
 
Ելույթ են ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) և «Վահագն Հայրապետյան» տրիոն (տրիոյի կազմում՝ Վահագն Հայրապետյան (դաշնամուր, վոկալ), Արման Մնացականյան (հարվածային գործիքներ), Մակար Նովիկով (կոնտրաբաս)): Համերգների դիրիժորն էր Ռոբերտ Մլքեյանը, մենակատարները՝ Մավր Մկրտչյանը (բարիտոն), Սոֆյա Սայադյանը (սոպրոնո), Դանիել Մելքոնյանը (շեփոր):
 
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն աշխատանքային այցով այդ օրերին գտնվում էր Սյունիքի մարզում և ներկա է եղել Կապանի մշակույթի տանը կայացած համերգին: Նախարարի տեղակալը շնորհավորել է բոլորին Կապանը 2021 թվականի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ և նշել, որ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի համերգաշարը՝ նվիրված մեծանուն կոմպոզիտորների հոբելյաններին, մեկնարկում է հենց Կապանից:
 
«Հերթական անգամ ապացուցվեց, որ մշակույթն ամենաստույգ և փորձված միջոցն է հանրային լավատեսություն առաջացնելու, համավարակի հետևանքով  խաթարված շփումներն ու մարդկային հաղորդակցությունը վերականգնելու տեսանկյունից: Նամանավանդ այս համերգաշարը՝ նվիրված երկու մեծանուն հայերի, ովքեր միայն հիացմունքի, հպարտության, արժանապատվության զգացում են առաջացնում»,- ասել է Արա Խզմալյանը և վստահություն հայտնել, որ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում նմանօրինակ համերգաշարերն ու ծրագրերը սահմանամերձ համայնքներում լինելու են շարունակական:
 
Նշենք, որ հոբելյանական համերգների ընթացքում հնչել են Առնո Բաբաջանյանի և Էդվարդ Միրզոյանի ստեղծագործությունները:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն