Անն Լինդեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին առկա լարվածությամբ

Անն Լինդեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին առկա լարվածությամբ

  • 30-07-2021 10:31:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Արմենպրես. ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի լարվածությանը՝ կողմերին կոչ անելով ամբողջությամբ կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լինդեն այս մասին գրառում է արել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
 
«Հայ-ադրբեջանական սահմանին կրկնվող միջադեպերի մասին հաղորդագրությունները լուրջ մտահոգություն են առաջացնում: Կոչ եմ անում կողմերին հիմնվել վերջին հումանիտար քայլերի վրա և ամբողջությամբ կատարել նոյեմբերի 9 -ի հայտարարությունը՝ չլուծված խնդիրները խաղաղ ձևով լուծելու համար»,-գրել է Լինդեն:
 
Ադրբեջանը սադրանքների է դիմում հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում: Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հուլիսի 28-ին ժամը 03:40-ից հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում: Հուլիսի 29-ի ժամը 03:00-ի սահմաններում Ադրբեջանը, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել էր սադրանքի` հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները, հուլիսի 29-ին ժամը 23:00-ից սկսած, կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձերը:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը